Սարկոզին գնաց, բայց թուրքական ականները շարունակում են պայթել

6

Թուրքական մամուլը դեռևս շարունակում է ցեխ նետել Ֆրանսիայի նախագահի վրա ցեղասպանության ճանաչման Թուրքիային ուղղված կոչերի համար: Անկարան Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին և սոցիալիստ թեկնածու Ֆրանսիս Հոլանդին խորհուրդ է տալիս չշահագործել հայոց ցեղասպանությունը առաջիկա ընտրություններում ձայներ կորզելու համար:

Փարիզում Անկարայի դեսպան Թահշին Բուրքուօղլուն ուղերձ է ուղարկել Հոլանդին` վերջինիս կոչ անելով խուսափել Թուրքիայի ներքին քաղաքական խնդրից, այն բանից հետո, երբ հայտնի սոցիալիստ թեկնածուն խոստացավ աջակցել ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը, գրում է «Հուրիյեթը»:

«Այս ուղերձը միայն Սարկոզիին չի ուղղված, այլ ողջ ֆրանսիական քաղաքական դասին,- շեշտել է բարձրաստիճան թուրք դիվանագետը, և հավելել,- մենք ընդգծել ենք, որ նման հռետորիկան կարող է միայն ծառայել մեր հարաբերությունների վատթարացմանը: Մենք ուզում ենք բարելավել մեր հարաբերությունները, բայց այս հայտարարությունները թույլ չեն տալիս հասնել նպատակակետին» :
Դիվանագետը նշել է նաև, որ Ֆրանսիայի շատ այլ քաղաքական գործիչներ ևս արել են նմանօրինակ կոչեր, բայց Սարկոզին իր սպառնալիքներով շատ անզգույշ էր` այն պարագայում, որ փորձում էր Թուրքիային սպառնալ այդ երկրից մի քանի քայլ այնկողմ: