Սարգսյանը քննադատել է Ադրբեջանի նախագահին ապատեղեկատվության համար

23

«Իսկ Ադրբեջանի նախագահի՝ Հայկական ատոմակայանի մասին այստեղ հնչեցրած բացահայտ ապատեղեկատվությունը ինձ չի զարմացնում, որովհետև Հայաստանի մասին հերյուրանքներ տարածելը Ադրբեջանում վաղուց արդեն դարձել է գործելաոճ: Ընդ որում, ամենաբարձր ամբիոններից խեղված են ներկայացվում ոչ միայն Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին վերաբերող ամեն ինչ, այլև միջազգային հանրության՝ մեր և ձեր կողմից ընդունված փաստաթղթերը: Նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Լեռնային Ղարաբաղի խնդրով հայտնի բանաձևերն են խեղաթյուրում, մոռանալով, որ իրենք են սկսել ռազմական գործողություններ, իրենք են հրաժարվել դադարեցնել դրանք, իրենք են, որ հիմա ամեն օր ռազմատենչ հայտարարություններ են անում և հրաժարվում Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել միջազգային իրավունքի հիման վրա»,-նշել է Նախագահ Սարգսյանը մարտի 27-ին Սեուլում անցկացված Միջուկային անվտանգության 2012թ. միջազգային գագաթնաժողովում հնչեցչած ելոիuյթի ժամանակ:

Գագաթնաժողովում ելույթի ընթացքում Սարգսյանը խոսել է միջուկային անտվտանգության մասին, ինչը Հայաստանում առաջնային խնդիր է համարվում. «Ցանկալի արդյունքներ գրանցելու նպատակով մենք հետևողականորեն և պատրաստակամորեն աջակցել և իրականացրել ենք առաջարկվող ծրագրերը, կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել վերահսկողության գործուն մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը նշել է նաև, որ ՄԱԿ-ի Միջտարածաշրջանային հանցավորության և արդարադատության հետազոտական ինստիտուտի հետ համագործակցությամբ և աջակցությամբ Հայաստանն իրականացնում է կադրերի վերապատրաստման և մաքսային տեխնիկական հագեցման ծրագիր: Նախագահի խոսքով, Հայաստանի Հանրապետությունն ըստ ամենայնի նպաստում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևի իրականացմանը:

«Վաշինգտոնի գագաթնաժողովում բոլորս խիստ կարևորեցինք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնական դերը միջուկային անվտանգության և ռադիոակտիվ նյութերի պահպանման և հսկման գործում: Հայաստանը, որպես միջուկային էներգիայի արտադրող, գործակալության հետ զարգացնում է համակողմանի փոխգործակցություն: Հայաստանի ատոմակայանի անվտանգ շահագործումը և նրա անվտանգության մակարդակի բարձրացումը, նրա ֆիզիկական պաշտպանության, ինչպես նաև բարձր ակտիվության աշխատած վառելիքի պահպանումն ու հսկումը մեր կառավարության առաջնային խնդիրներից է: Այս գործում մենք խստագույնս պահպանում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ այդ սերնդի միջուկային կայանների համար առաջարկվող միջազգային նորմերի պահանջները:

Հայկական ատոմակայանի շահագործման լիակատար համապատասխանությունը այդ նորմերին հաստատել է նաև ԱԷՄԳ կողմից անցյալ տարի անցկացված ՕՍԱՐՏ առաքելությունը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարի խոսքով, Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի ողբերգություններից հետո շատերն են վերապահումներով մոտենում միջուկային էներգիայի ապագայի խնդիրներին: Որոշ հատուկ դեպքերում, ինչպիսին Հայաստանի դեպքն է, ըստ Նախագահ Սարգսյանի, քիչ այլընտրանք կա` ապահովելու համար մեր ժողովրդի կայուն զարգացումն ու կենսամակարդակի բարելավումը:

Սերժ Սարգսյանի մոտեցմամբ, տեղին կլիներ էներգետիկ` այդ թվում նաև միջուկային էներգիայի անվտանգության ապահովման հարցերը դիտարկել հարակից խնդիրների հետ ամբողջության մեջ: Նախագահը ոչ պակաս կարևոր է համարել էներգետիկ ռեսուրսները չարամիտ քաղաքական կապիտալի վերածելու դեմ պայքարը: Դրա հետևանքները, Նախագահ Սարգսյանի համոզմամբ, ծանր են հատկապես այն երկրների համար, որոնք զուրկ են էներգիայի բնական պաշարներից և ստիպված են էներգետիկ անկախության ուղիներ փնտրել: «Հայաստանի չորս անմիջական հարևաններից երկուսը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, երկու տասնամյակ շարունակ շրջափակման մեջ են պահում մեր երկիրը՝ ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, այլընտրանք չթողնելով նաև էներգետիկ անկախության ուղիների ընտրության հարցում»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը ելույթի ավարտին վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը միջուկային նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին, ինչպես նաև մեր երկրի վճռականությունը աջակցելու ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերին: