Սարգսյանը Օսկանյանի գնահատականները անգրագետ որակեց

6

Հայաստանի կառավարության մայիսի 17-ի նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Վարդան Օսկանյանի նախընտրական շրջանում հնչեցրած այն քննադատություններին, որ կենտրոնական բանկն ու կառավարությունը բավականաչափ արդյունավետ չեն կոորդինացնում իրենց աշխատանքները: Վարչապետն այդ հայտարարությունները անգրագետ որակեց.

«Հասկանալի է, որ Կենտրոնական բանկի հիմնական նպատակը գնաճի զսպումն է, կառավարության հիմնական նպատակը` տնտեսական աճի շեշտադրումը։ Հասկանալի է նաև, որ այս երկու տարբեր նպատակներն ունենալով, մենք մշտապես բանավեճի մեջ ենք Կենտրոնական բանկի հետ։ Դրա համար էլ կա դրամավարկային քաղաքականության և հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացման հստակ ուղեցույց։ Մեզ քննադատում են, որ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը։ Դա անհիմն քննադատություն է. ուղղակի մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ բան է դրամավարկային քաղաքականության և հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացումը։ Դրա համար պետք չէ քաղաքական գնահատական տալ այս երևույթին, մանավանդ եթե այդ գնահատականը շատ անգրագետ գնահատական է և համահունչ չէ ո՛չ մեր օրենսդրությանը, ո՛չ էլ միջազգային պրակտիկային, թե ինչպես պետք է համագործակցեն Կենտրոնական բանկը և կառավարությունը, ինչը և արտահայտված է այս փաստաթղթում»։