ՍԴ-ն գնաց որոշում կայացնելու. Փոստանջյանը միջնորդում է ՍԴ բերել 1988 ընտրատեղամասերի ընտրապարկերը

18

Սահմանադրական դատարանում շարունակվում է ՀՀ նախագահի ընտրության արդյունքները վիճարկող նախագահի թեկնածուների դիմումների քննությունը:

Նախ սկզբում կողմերը ներկայացրին իրենց ասելիքը: Ի դեպ, հետաքրքրական էր Զարուհի Փոստանջյանի հարցումը Դավիթ Հարությունյանին Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով այժմ կալանավորված Վարդան Սեդրակյանի վերաբերյալ: Փոստանջյանը նախ պահանջեց Հարությունյանից, որ թվարկի նախագահի թեկնածուների անունները, ինչը չարեց Հարությունյանը, հետո էլ հարցրեց, թե արդյոք Սերժ Սարգսյանը նախագահի թեկնածու չէ: Հարցին ի պատասխան՝ Հարությունյանը դրական պատասխանեց, իսկ դրան հաջորդեց Փոստանջյանի մյուս հարցը, թե արդյոք Վարդան Սեդրակյանը նախագահի թեկնածու չէ, և ինչու է կալանավորված: Բայց վերջին հարցին Հարությունյանն այդպես էլ չպատասխանեց:

Երկար քննարկումներից հետո հերթը հասավ միջնորդությունների ներկայացմանը: Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը Սահմանադրական դատարանին միջնորդեց դատարան հրավիրել գործող նախագահ Սերժ Սարգսյանին:

«Նրան պետք է կարողանանք հարցեր տալ: Ընտրությունների կազմակարպիչ լինելու հանգամանքը պարտավոր ենք դատարանում պարզել ու իրենից պարզաբանումներ ստանալ», -ասաց Փոստանջյանը:

Սակայն Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ դատարանը հետաքրքրասիրությունները բավարարելու տեղ չէ, և ինքը մանրամասն ներկայացրել է պարզաբանումները:

Իսկ Փոստանջյանը ներկայացրեց հաջորդ միջնորդությունը՝ պահանջելով 1988 ընտրատեղամասերի ընտրապարկերը: Այս միջնորդությունն էլ առաջրկեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Դատարանի մյուս անդամներն այս միջնորդության իրականացումն անհնար համարեցին:
Զարուհի Փոստանջյանը, հղում անելով օրենսդրությանը ասաց, որ հնարավոր է ավելացնել ժամկետը:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը շեշտեց, որ Սահմանադրությամբ նման վեճերի դեպքում նախատեսվում է ավելացնել 10 օր, որը նույնպես տեխնիկապես չի կարող ապահովել հնարավորություն այդ բոլորը ստուգելու, ուսումնասիրելու համար:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կողմերի միջնորդություններն ու դրանց վերաբերյալ դիրքորոշումները լսելուց հետո հայտարարեց անորոշ ժամկետով ընդմիջում դրանց վերաբերյալ որոշում կայացնելու համար: