Պայթյունից տուժածները պատմում են

22

Ավետիք Գաբրիելյանը, թեև դեռ ընտրելու իրավունք չունի, սովորում է դպրոցում, այդուամենայնիվ, երեկ երեկոյան գտնվում էր Հանրապետության Հրապարակի հանրահավաք-համերգին մասնակցելու նպատակով: «Հորեղբորս տղան համալսարանում է սովորում, նա ՀՀԿ-ի ինչ-որ խորհրդի անդամ է համալսարանում, իրենց ասել էին, որ գնան ու էդ փուչիկները բռնեն, ակտիվիստներին էին այդպես հրահանգել, մենք միասին էինք, ես էլ էի այնտեղ բայց իմ ձեռքին փուչիկ չկար, դրա համար էլ ավելի քիչ վնասվածք ստացա: Ես նույնիսկ չեմ հիշում թե ոնց ստացվեց: Տեսա, որ գմփացին ու մի աղջկա մեջքն էր ամբողջությամբ վառվում, մինչև գնացի իրեն օգնեմ, պարզվում էր ես էլ ունեի օգնության կարիք, սկզբում չզգացի, մի երկու րոպե հետո ձեռքս ահավոր այրոց էի զգում, հետո ցավը սաստկացավ: Տարան հիվանդանոց, բայց առավոտ արդեն դուրս են գրել: Հիմա ձեռքս կապած ա, դեղեր ենք քսում, իսկ հորեղբորս տղայի վիճակը դեռ լավ չի, նրա ձեռքը ծանր այրվածքներ ա ստացել»,-ասում է նա;

«Իմ աղջիկը պոլիտեխնիկի ուսանողուհի ա, և միշտ է ՀՀԿ երիտասարդական նախաձեռնությունների ակտիվ մասնակից: Մեր ընտանիքից միայն նա էր գնացել հանրահավաքին ու այդ դեպքը պատահեց: Աստղիկս ստացել ա թույլ վնասվածք, բայց շատ վախեցած ա, արդեն դուրս են գրել հիվանդանոցից»,- ասում է տիկին Գրետան, ով չկամեցալ հրապարակել դստեր անունը:

Իսկ վիրավորները, որոնց տեղափոխել էին հիվանդանոցներ, բժիշկների հավաստմամբ դրությունը շարունակում է մնալ ստաբիլ-բավարար: Մի փաստ, որ ակնհայտ է` հիվանդանոցներում առկա է խիստ լարվածության և վախի մթնոլորտ: Կլինիկական թիվ մեկ հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բաժանմունքի բուժքույրն, օրինակ ասաց, որ իրենց նախօրոք և շատ խիստ ասել են, որ ինֆորմացիա չտան հիվանդների մասին. «Ես իրավունք չունեմ, ինձ ասել են բան չասես»:

«Հիվանդները արդեն լավանում են, նրանց վիճակը բավարար է, այս պահին ունենք 6 հիվանդ»,-ասաց Պռոշյանի թիվ 3 հիվանդանոցի բժիշկը, ով նույնիսկ չհասցրեց ներկայանալ` փոխնախարարի այցի հանգամանքով պայմանավորված: