«Ամբողջ կյանքներս անցնում ա վախի մթոլորտում, որ հեսա-հեսա կկրակեն: Չենք կարում նույնիսկ տանից դուրս գանք, ոնց որ պատերազմական վիճակ լինի: Ծեր, թե երեխա, բոլորը տանից հազվադեպ են դուրս գալիս: Մեր սանհանգույցը դրսում է, այնտեղ էի, 2 օր առաջ, կրակոցի ձայներ լսեցի, ահավոր էր, երեխեքս էլ դուրսն էին, վազեցի տարա ներս, ահավոր վախեցել էի, սա կյանք չի, սա ապրելակերպ չի, բա մարդ կարող ա իրա ողջ կյանքը պատերազմի նման ապրի: Ոչ ոք մեր վիճակը չի հասկանա: Նույնիսկ զոհված կամ վիրավորված զինվորների համար էլ ենք մենք շատ դարդ անում: Հիմա մանավանդ էս 2 օրը, մեր գյուղում շատ ահավոր են մարդիկ հիմա ապրում: Մենք ահավոր վախեցած ենք: Նույնիսկ ծիծաղելի է, երբ երեխեքը խաղում են և ուժեղ խփում մի բանի, ձայնից մենք արդեն վեր ենք թռնում ու ուզում ենք թաքնվենք»,- ասում է Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակչուհիներից մեկը` տիկին Գոհարը, ով նույնիսկ ամենաչնչին հնարավորության դեպքում, պատրաստ է լքել հայրենի գյուղը: Իսկ պատճառը հատկապես հունիսի 4-5-ին ադրբեջանցի դիվերսանտների գործողություններն են, որոնց հետևանքով մեր բանակը տվեց 3 զոհ և վիրավորներ:
Այդ դեպքերի ավելացումն ըստ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի` Հիլարի Քլինթոնի այցն էր տարածաշրջան: «Նրանց համար երեկ «հարմար» օր էր, նրանք այդ քայլով ուզում են ցույց տալ, որ վիճակը շատ լարված է, որ Հայաստանը հակամարտության կողմն է, և վերջապես դա սպառնալիք է ողջ աշխրահին, որ աշխարհը կզրկվի նավթից և գազից»,-ասում է նա:
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասում է, որ հայկական կողմը պետք է ուժեղ հակահարված տա. «Դա է իրական ուղին»,-ասում է նա: Իսկ Մելիք-Շահնզարյանն էլ ասում է, որ այն, ինչ ձեռնարկվել է` բավարար է, քանի որ նրանց կողմից կան և’ զոհեր, և’ վիրավորներ: «Սա համարժեք պատասխան էր, թեև ես ունեմ համարժեք պատասխանի այլ տարբերակ: Այն է` մի սպանած զինվորի փոխարեն նրանք ունենան 10 դիակ, ու նրանք վերջապես կհասկանան, որ դա ադրբեջանական հանցագործ քաղաքականության հետևանք է»:
Ըստ քաղաքագետի այդ կերպ պատերազմ սկսվելու հավանականություն չի լինի, հակառակը` այսպիսի պայմաններում, երբ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում սպանություններ, ավելի շատ է պատերազմի հավանականությունը: «Եթե ապտակին ապտակով չես պատասխանում, ապա ապա նրանք կարծում են թե թույլ ես, իսկ թույլին նաև մորթում են»,-ասաց նա` վստահաբար ավելացնելով, որ մեր բանակը ուժեղ է և կարող է համարժեք պատասխան տալ: Համարժեք պատասխան տալն, իհարկե, պատասխանատուների գործն է, սակայն Չինարիում ապրողներն իրենց համարելով հերոսներ, խնդրում ու կոչ են անում, շուտափույթ լուծել խնդիրը, այսպես ապրելն այլևս անհնար է. «Դարձել ենք սարսափ ֆիլմի իրական հերոսներ»,-ասում են նրանք:













