Չինական «բանջարը» ձեր հանճարին վնաս է…

17

Շատերը գիտեն, որ խաղալիքների մի ստվար զանգված կարող են առողջական և հոգեբանական խնդիրներ առաջացնել երեխաների մոտ: Եվ չնայած որ երևույթը շատ տարածված է, սակայն մի մասը գիտակցաբար, մի մասն էլ անգիտակցաբար շարունակում են կիրառել այդ խաղալիքները: Իսկ ով է մեղավոր, որ նման խաղալիքներ կան շուկայում, ներկրողը, թույլատրողը, թե պահանջակը: Խաղալիքի հասցրած վնասի մի վառ օրինակ է 9 ամսեկան Հակոբը, ում մայրը իրեն վերջերս տարել էր հիվանդանոց: Պատճառն այն էր, որ փոքրիկը ռետինե խաղալիքը պահել էր բերանում, որից ամբողջ բերանը ներկվել էր խաղալիքի գույնով. «Տեսա, որ բալիկիս բերանը լրիվ կարմիր ա, ու շատ տհաճ հոտ էր գալիս: Մինչև փորձեցի լվանալ բերանը, երեխան փսխեց: Անմիջապես տարա մանկաբույժի մոտ, ասաց, որ երեխայի բերանում քիմիական նյութեր են գունդ-գունդ մնացել: Պարզվեց` երեխան խաղալիքը տարել էր բերանը, և այդ քիմիական նյութը, խառվելով թքի հետ, գունդ-գունդ մնացել էր լեզվի վրա: Ստամոքսի մաքրման համար դեղեր խմացրի բալիկիս ու փառք Աստծո, որ շատ լուրջ բան չկար: Նույնիսկ խաղալիքներն են վտանգավոր դարձել մեր երկրում»,- վրդովված ասում է Վարդուհին:

Մանկաբույժ Կարինե Գալստյանը, ով 40 տարվա աշխատանքային փորձ ունի, այժմ անցել է թոշակի, ասում է, որ նմանատիպ դեպքեր, թեև ոչ հաճախ, բայց պատահում են: Նա ընդգծում է, որ խաղալիքը կարող է ոչ միայն առողջական խնդիրներ ստեղծել, այլև` հոգեբանական. «Եթե ճիշտ ընտրված խաղալիք չլինի, ապա երեխայի մոտ լուրջ խնդիրներ կարող են ի հայտ գալ: Ես տեղյակ եմ, որ 1 տարեկան բալիկը խաղալիքի ուժեղ ձայնից խլացել է, մյուսի մոտ գունանայութերն ու քիմիական նյութերը աղեստամոքսային տրակտի խանգարում են առաջացրել, մյուսն էլ ձեռքերն է վնասել` սուր ծայրերի պատճառով, էլ չեմ խոսում գույների մասին, որոնք կարող են երեխայի մոտ վախի զգացում առաջացնել»,- ընդգծում է նա: Եվ պարզ է, որ այսօր հայկական շուկան ողողված է տարբեր տիպի անորակ խաղալիքներով, որոնք երեխային ոչ թե զարգացնելու հնարավորություն են տալիս, այլ` ճիշտ հակառակը: «Մեր բալիկի բոլոր խաղալիքների մարտկոցները հանել ենք, քանի որ երեխաս վախենում է ուժեղ ձայնից և բարձր լացում է»,- ասում է Հռիփսիմեն:

Մանկաբույժ Ռիմա Բալյանը ընդգծում է. «Ցավոք, պետք է նշեմ, որ հայաստանյան շուկայում գրեթե չկա բացարձակ անվտանգ և որակյալ խաղալիք: Այն իսկական պատուհաս է, թե’ մեր, թե’ մայրիկների, և թե’ առավել ևս` երեխաների համար»:

Փորձեցինք պարզել, թե ինչ նյութերով են պատրաստվում խաղալիքները: Մասնագիտությամբ քիմիկ Անահիտ Գաբրիելյանին ևս, պարզվում է` այս հարցը շատ է հետաքրքրել, և նրա ուսումանսիրություններից պարզ է դարձել, որ խաղալիքներ պատրաստելու համար, ոչ թե ընտրվում են բնական նյութերը` բամբակ, բուրդ, փայտ, այլև` հեշտ մշակվող քիմիկան նյութերը, որոնք երեխաների համար լուրջ վտանգ են ներկայացնում. «Նրանք օգտագործում են գունանյութեր, պոլիմերային նյութերից և տարբեր խաղալիքների պարագայում տարբեր քիմիական թունավոր նյութեր ալերգիա առաջացնող տարրեր»,-ասում է նա:

«Վերջերս մի խաղալիք գնեցի, որը ատրճանակի տեսք ուներ, և որից դուրս էին գալիս օճառապղպջակներ: Սկզբում չնկատեցի, քանի որ այն մոմլաթի մեջ էր, բայց երբ բերեցի տուն, տեսա, որ խաղալիքից ահավոր վատ հոտ էր գալիս, իսկ ատրճանակի վրա կային անհարթ տեղեր, որոնք հաստատ բալիկիս մաշկը կվնասեին: Բարեբախտաբար շուտ նկատեցի և կանխեցի»,-ասում է Լիլիթը:

Պետք է նկատել, որ սա այն դեպքն է, երբ խնդիրն առկա է, ոչ թե պետական մարմինների, այլ վաճառքն իրականցնողների և գնողների պատճառով: «Ստանդարտների ազգային ինստիտուտի» փորձագետ Գագիկ Թադևոսյանն ասում է, որ այսօր Հայաստանում խաղալիքների սրետիֆիկատ ունեն 100 տոկոսից, ընդամենը 10-ը: «Կան չափանիշներ, որոնց վրա հիմնվելով, մենք տալիս ենք սերտիֆիկատ: Ֆիզիկամեխանիկական հատկություններ, դյուրավառություն, քիմիական հատկություն, էլեկտրական հատկություն, հիգիենիկ չափանիշներ և այլն»: Հարկ է նշել, որ Գագիկ Թադևսյանը չկարողացավ հիշել գոնե մեկ դեպք, երբ որևէ խաղալիք չհամապատասխաներ չափանիշներին: Իսկ սերտիկֆիկատ ստանալն, ըստ փարձագետի, մեծ գումարներ չի պահանջում, շատ մեծ քանակությամբ ապրանքի մեջ, ընդամենը 70-80 հազար դրամ: Իսկ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում առավել քան ուշադիր են խնդրի նկատմամբ, ավելին` այստեղ այս խնդիրը ստացել է թիրախային անվանումը: Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանն ասում է, որ իրենք հաճախ են իրականցնում ստուգումներ այս ուղղությամբ: «Խաղալիքների ստուգման առումով մեր տեսչությունը կատարում է տիտանական աշխատանք»,-ասում է նա: Սակայն այստեղ միայն ստուգումներով չեն սահմանափակվում: Կիրառվում են նաև տուգանքներ` նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի չափից մինչև վաճառքի կասեցում: Նրա խորհուրդը մեկն է. «Ուշադիր լինել, անպայման պահանջել սերտիկֆիկատը, եթե տվյալ խանութը չունի սերտիկֆիկատ, ապա ձեռք չբերել ապրանք: Մենք անդադար աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց անհրաժեշտ է նաև սպառողի ուշադրությունը»,- ասում է նա` այս ոլորտում ևս խիստ կարևորելով նախարար Տիգրան Դավթյանի դերը:

Նշենք, որ Հայաստան մեծամասամբ խաղալիքները ներկրվում են Չինաստանից, որը բոլորիս էլ քաջածանոթ է իր անորակ ապրանքնեով:

Որոշեցինք, փոքրիկ հարցումներ իրականացնել տարբեր վաճառքի կետերում և տեսնել նախարարության տիտանական աշխատանքի արդյունքները: Հարցված 15 խանութներից ոչ մեկը չուներ համապատասխան սերտիկֆիկատ, շատերը նույնիսկ ապշել էին մեր հարցից ու տվեցին հայավարի պատասխան. «Չէ մի չէ, ի՞նչ սերտիֆիկատ, հիմա էլ դա գցեք հարկայինի ականջը, գան տուգանեն: Գործ ա անում ենք էլի, խաղալիք ա թող խաղան, բա ի՞նչ ա ուզում եք 1000 դրամանոց խաղալիքը մաքուր ու բնական լինի»,- հարցին հարցով պատասխանեց Այրարատ կինոթատրոնի հարևանությամբ գտնվող խանութներից մեկի աշխատակիցը:

Իսկ մանկաբույժների խորհուրդը մեկն է` լինել մաքսիմալ ուշադիր, իսկ հնարավորթյան դեպքում, ձեռք բերել բամբակե և բրդե փափուկ խաղալիքներ, և հնարավորինս ոչ շատ պայծառ գույներ ունեցող: Ստացվում է, որ այս դեպքում ևս` «Իմ բանջարը քո հանճարին վնաս է»: