Ոստիկանապետը նույնպես բանդիտիզմի տարրեր է տեսնում

3

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ճեպազրույցի ընթացքում նկատեց, որ ավելացել են ավազակային հարձակումները և նշեց.«Վերջին մեկ ամսվա ընթացքում կատարված ավազակային հարձակումները ես նույնպես բանդիտիզմ եմ որակում, քանի որ այս հանցագործությունն իր բոլոր հատկանիշներով բնորոշ է միայն բանդիտային խմբի գործողություններին»:

Սարգսյանը տեղեկացրեց, որ իր կարգադրությամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ ընդգրկված են համակարգի լավագույն աշխատակիցները, ովքեր ամեն ինչ անելու են, որպեսզի կարճ ժամկետում բացահայտվի հանցագործությունը:

Ոստիկանապետը համակարծիք լինելով դատախազի հետ նշեց. «Չի բացառվում, որ հանցավոր խումբը հնարավոր է` նախկինում էլ հանցագործություններ կատարած լինի, քանի որ նրանք այնպիսի հմտություն են դրսևորել, որ ենթադրելի է` նախկին հատուկ խմբավորումների, ինչու չէ նաև հենց ոստիկանական համակարգում աշխատած անձինք են, ովքեր ծանոթ են հանցագործի ձեռագրին և փորձում են բացառել ամեն տեսակի սխալները, որոնք շատ հաճախ հանցագործները թույլ են տալիս դեպքի վայրում»:

Ոստիկանապետը չբացառեց, որ իրականում որոշակի բացթողումներ եղել են. «Բոլոր հանցագործությունները չեն, որ հինգ օրում բացահայտվում են: Հեշտ չի հանցագործություն բացահայտելը»: