Ն. Փաշինյան. Օսկանյան անունը պետք է փոխել Աղվան Հովսեփյան անունով

45

ԱԺ-ում Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդագիրը գլխավոր դատախազի կողմից ներկայացվելուց հետո ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, հայտարարեց. «Կարծում եմ, որ այս միջնորդագրում Վարդան Օսկանյան անունը պետք է փոխել Աղվան Հովսեփյան անունով, քանի որ ձեզ սպասարկող մեքենան պատկանում է ուրիշի, որ այդ ուրիշի մեքենայի վրա փակցվել են գլխավոր դատախազության պետհամարանիշներ, և փաստորեն կատարվել են այնպիսի գործողություններ, որոնք կարող են որակվել այս հոդվածով»:

Պատգամավորն ընդգծեց, որ մամուլում եղել են լուրեր, որ Աղվան Հովսեփյանին սպասարկող մեքենան պատկանում է ուրիշի, եւ այդ ուրիշի մեքենային փակցվել է դատախազությանը պատկանող համարանիշ, կատարվել են կասկածելի գործողություններ:

Ի պատասխան Աղվան Հովսեյանն ասաց, որ զանգվածային լրատվության միջոցներով երկար ժամանակ իր օգտագործած մեքենայի հետ կապված հարցը բարձրացվել է: «Հույս ունեմ, որ կկատարեք Ձեր քաղաքացիական պարտքը, կդիմեք համապատասխան մարմիններին, որպեսզի գործը քննության առարկա դառնա, եւ ես էլ ցուցմունք կտամ»,- նշեց Հովսեփյանը:

Փաշինյանն էլ ասաց, որ ինքը կանի հնարավոր ամեն ինչ, որ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ արվի՝ նախաքննական մարմնին չխոչընդոտելու համար: