Նուբարաշենի բնակիչների` խմելու ջրից թունավորվելու դեպքի առթիվ` hարուցվել է քրեական գործ

8

Երեւան քաղաքի Նուբարաշեն թաղամասի բնակիչների` խմելու ջրից թունավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի հատկանիշներով:

ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի ցուցումով` 2011թ. հունիսի 4-ին` ժամը 12:00-ին, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից ստացված ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցված քրեական գործով պարզվել է, որ 2011թ. հունիսի 3-ին` ժամը 19:00-ից մինչեւ 2011թ. հունիսի 4-ի 11:00-ն ընկած ժամանակահատվածում աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել Երեւան քաղաքի Նուբարաշեն 11 փողոցի թվով 25 բնակիչներ:

Նյութերի ուսումնասիրությամբ, նախնական տվյալների համաձայն պարզվել է, որ աղիքային ինֆեկցիայի պատճառ է հանդիսացել խմելու ջուրը: Մասնավորապես` Ազատ գետի վարարելու հետեւանքով 2011թ. մայիսի 31-ի գիշերվանից սկսած չի գործել Գառնի պոմպակայանը, որի պատճառով ջրատարում ջրի ճնշումը նվազել է: Արդյունքում` Նուբարաշեն թաղամասի շենքերը ջրազրկվել են կամ էլ ունեցել են թույլ ճնշմամբ ջուր: Նուբարաշեն թաղամասի 11-րդ եւ 9-րդ փողոցների հատման կետում հայտնաբերվել է վնասված հատված, որի պատճառով նշված փողոցի ջրամատակարարումը դադարեցվել է:

Հարուցված քրեական գործով իրականացվել են առաջնահերթ քննչական գործողություններ, առգրավվել է վնասված ջրատար խողովակաշարի նմուշներ: Քաղաքացիներից վերցվել են տարբեր ժամանակահատվածներում հավաքած ջրի նմուշներ և նշանակվել է սանիտարահիգիենիկ փորձաքննություն: Հիվանդանոց դիմած շուրջ 54 քաղաքացիների նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ներգրավվել են համապատասխան մասնագետներ, hարցաքննվել է 44 մարդ:

Նախաքննությունը շարունակվում է և փորձագիտական եզրակացությունները ստանալուց հետո կկայացվեն համապատասխան որոշումներ, որոնց մասին լրացուցիչ կիրազեկվի հանրությանը: