Նամակ Ռուսաց թագավորին….

21

Մեր պաշտոնյաների անբռնազբոսիկությունն ու անընդունելի պահվածքը օր օրի անցնում է սահմանները: Սակայն նրանցից ոչ բոլորն են պատժվում շեֆերի կողմից: Երբ մի քանի ամիս առաջ բոլորի ուշադրությունը սևեռվեց, որ Ազգային անվտանգության խորհրդի Հայաստան-Եվրամիություն նիստում ՕԵԿ-ական Արմեն Գևորգյանն իր բջջային հեռախոսով պոռնո լուսանկարներ էր դիտում, մի պահ կարկամեցին, բայց իրականում ոչ ոք էլ չզարմացավ, քանի որ հենց նույն կուսակցության ներկայացուցիչ Հովհհանես Մարգարյանը նշել էր, որ «Մարդու տեսակ կա չէ՞, մարդ կարող է լինել, եւ նողկալի եւ առաքինի, պարզից էլ պարզ է»: Կադրում տպավորությունն այնպիսին էր, որ պաշտոնյան ձանձրույթից է այդ նկարները նայում: Մի կերպ հարմարվեցինք, դե ժամանկն էլ վերքերը բուժեց, և օրեր առաջ Երիտասարդությանը նվիրված համերգի ժամանակ ելույթ է ունենում վարչապետ Տիգրան Սարգսյանը անսթափ վիճակում, նույնիսկ չի կարողանում Սերժ Սարգսյանի անունը լիովին արտաբերել, աչքերը կուլ են գնում: Մի խոսքով հարբած էր: Իհարկե, լրատվամիջոցներ եղան, որ արդարացրին վարչապետին, թե ով չի խմում իր կյանքի ընթացքում, կամ հազարից մեկ կարելի է հարբել, ծանր գործ, հանդիպումներ, հիասթափություններ: Երևի նախագահն էլ էր այդպես կարծում, և վարչապետի այս փոքրիկ բացթողումը ծանր հետևանք չունեցավ, և Սարգսյանը այս անգամ էլ կոտրած տաշտակի առաջ չհայտնվեց: Հետո վարչապետի հարբածությունից էլ օյաղացանք ու հայտնվում է գործարար Սիլվա Համբարձումյանը և հայտարարում, որ Սյունիքի մարզպետը Սուրիկ Խաչատյանը Լիսկան իրեն ծեծել է Մարիոթ հյուրանոցում: Այն, որ մարզպետը ոչ այնքան բարեհամբյուր կեցվածք ունի, գիտեին բոլորը, բայց բոլորի աչքի առաջ կնոջը բռնության ենթարկելը չափից ավելի է: Բայց մյուս կողմից էլ մտածում ես տեսնես միայն տրակտորի պատճառն է, որ Խաչատրյանն այդքան բարկացած է տիկին գործարարի վրա, թե այլ պատճառներ էլ կան: Մեր աղբյուրներից մեզ հայտնի է, որ Սիլվա Համբարձումյանը վաղուցվա գայլերից է: Լավ հարաբերություններ է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի հետ: Հիմա էլ շատ լավ է ներկա ղեկավարության հետ: Իսկ վերջերս էլ Սուրիկ Խաչատրյանի անվան շուրջ լուրեր էին պտտվում, որ պաշտոնը լքելու է: Միգուցե ամեն ինչ փոխկապակցված է:
Այս դեպքը դեռ չէինք հասցրել մարսել, և Էկոնոմիկայի և բնական պաշարների նախարարը ԱԺ-ում Բյուջեի քննարկումների ընթացքում IPad-ով շարիկ էր գլորում: Բոլորն էլ գիտեն, որ ընտրությունների տարի է 2012-ը, որ Բյուջեն քննարկողներն այնքան էլ հետաքրքրված չեն բյուջեով, ամեն մեկը իր կաշվի մասին է մտածում, որ այդքան գեղեցիկ ներկայացվող Բյուջեն իր պատմության մեջ ամենաանհեթեթն է: Եվ Արմեն Մովսիսյանը ասես ապացուցում է, որ իրենց չի հետաքրքրում այս երկրի իրավիճակը, բյուջեն, մարդիկ սոված են, կարիքներ ունեն: Եվ նրանք մնում են անպատժելի, և հասկանալի է, թե ինչու: Որովհետև ողջ համակարգն է անառողջ, բոլորն էլ պետության համար կարևորագույն հանդիպումների, քննարկումների և որոշումների պահին ի վիճակի են հարբած ներկայանալ, ձանձրույթից շարիկ գլորել, պոռնո լուսանկարներ նայել, միմյանց ծեծել, ռազբորկաներ անել, էլ ով պետք է բուժի այս հիվանդ մթնոլորտը, ով…Եվ այստեղ միանգամից հասկանում ես, թե ում պետք է այս բողոքը ուղարկես, բայց մի փոքր տարակուսում ես, որ միգուցե այնտեղ էլ է նույն իրավիճակը: Բայց ինձ թվում է, պետք է նամակ գրենք Ռուսաց թագավորին, Վլադիմիր Պուտինին, բողոքենք, թե ինչ մարդիկ են հավաքել այս երկրի մեջ, որ համակարգում փոփոխություններ են հարկավոր, բայց իր ընտրյալը չի կարողանում դրանց հարցերը լուծել: Միգուցե Ռուսաց թագավորը նամակը կարդա, զգա, որ սխալ մարդիկ կան տարածքում և կրկին կադրային ջարդ սկսի, բայց այս անգամ իր ճաշակով: Դե ազգովի հավաքվենք ու ամեն մեկս մեր բողոքը արտահայտենք Ռուսաց թագավորին, մեկ էլ տեսար….