Նախագահը պարգևատրել է զինծառայողների և ազատամարտիկների

10

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, բանակաշինության գործում մատուցած նշանակալի ծառայությունների, ինչպես նաև հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, մի շարք զինվորականների շնորհվել են կոչումներ:

ՀՀ պետական բարձր պարգևների մի մասը ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պարգևատրվածներին հանձնել է Նախագահի նստավայրում:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է պետական պարգևների և կոչումների արժանացածներին, մաղթել նրանց քաջառողջություն, բարի ծառայություն և հայոց բանակի մարտունակության անշեղ բարձրացման ուժ ու կորով: «Հարգելի՛ գեներալներ, սպաներ, զինվորներ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման հոբելյանի առիթով ձեզ հանձնվող պարգևների միջոցով մեր երկիրն ու ժողովուրդն իր վերաբերմունքն են արտահայտում ձեր անձնուրաց ծառայության հանդեպ: Այսօր դուք պարգևատրվում եք ձեր հաջողությունների և ձեռքբերումների համար, որոնք Հայաստանը դարձնում են ավելի ամուր` բոլոր առումներով: Մենք հպարտ ենք ձեզնով ու ձեր զինակից ընկերներով»,-ասել է Սերժ Սարգսյանը: