Նալբանդյան. Ադրբեջանը իր քայլերով ավելի է խորացնում իր և միջազգային հանրության միջև եղած անդունդը

12

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ի պատասխան այն հարցին, թե արդյոք Սաֆարաովի ազատ արձակմամբ Ադրբեջանի չի կորցնում իր վստահությունը միջազգային հանրության մոտ, Նալբանդյանը շեշտեց, որ իր գործողություններով ու քայլերով Ադրբեջանը ավելի է խորացնում իր և միջազգային հանրության միջև եղած անդունդը:

Նախարար Նալբանդյանը փաստեց, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների չկատարման ու դրանք խախտելու առումով փաստերի պակաս չունի: Նա, որպես օրինակներ, նշեց, որ Ադրբեջանը այդպես էլ չի աջակցել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, որի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել կողմերի միջև, ինչպես նաև փաստեց, որ Ադրբեջանը մինչ օրս էլ խախտում է հրադադարի ռեժիմը, խախտել է Կազանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլուր կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարն իր հերթին նկատեց, որ Մեծ Բրիտանիան «խորը մտահոգություն» է հայտնել Սաֆարովի վերադարձի ու ազատ արձակման վերաբերյալ, նաև հայտարարեց, որ աջակցում ու միանում է միջազգային կառույցների այդ թվում` Մինսկի խմբի հայտարարություններին: Բրիտանացի նախարարի խոսքով, ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների ճանապարհով և պետք է ունենա խաղաղ լուծում: