Մորնինգսթարին թույլ չեն տվել այցելել Ջուղա

4

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: Տեղեկացնում է Trend գործակալությունը:

Մորնինգսթարը հատկապես կարևորել է այն, որ առաջիկայում ԱՄՆ-ում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արխիվների ներկայացուցիչները: Համատեղ ծրագրի շրջանակներում նախատեսված է կողմերի վերապատրաստում և փաստաթղթերի պահպանության հարցում գիտելիքների ընդարձակում:

Դեսպանը նաև նշել է, որ նշանակվելով Ադրբեջանում դեսպան, ծանոթացել է այդ երկրի մշակույթի ու պատմության հետ:

«Վերջերս Նախիջևանում էի, եղա նաև Լենքորանում, Շեկիում, Ուղուզում, Գուբում: Այնտեղ պաշտոնատար անձանց հետ քննարկել եմ Ջուղայում հայկական հնագույն գերեզմանների ոչնչացման փաստը: Ցավում եմ, որ պաշտոնյաները անհնար են համարել այնտեղ իմ այցելությունը` պատճառաբանելով, իմ անվտանգության ապահովման խնդիրը», – հայտարարության մեջ ասել է դեսպանը՝ նշելով, որ տարածաշրջանը բարդ պատմություն ունի, և հակամարտության արդյունքում մեծաքանակ հուշարձաններ են ոչնչացվել, և մշակութային ժառանգության պահպանումը տարածաշրջանում կարևոր է ապագայի համար: