Մեր սոցիալական դաշտը մարդասիրական չէ. հոգեբան

53

Հոգեբան Ռուբեն Պողոսյանի խորին համոզմամբ` հայերն այսօր կանգնած են հոգեբանական լուրջ խնդիրների առաջ, որոնք մի օրում չեն առաջացել: Ի դեպ, հազարավոր մարդկանց օգնած հոգեբանը չի թաքցնում, որ երբեմն-երբեմն ինքն էլ է ունենում հոգեբանի կարիք, և ասում է, որ առավել դժվար է օգնել դիմացինին, քան` ինքդ քեզ: «Այն, որ դու կարողանում ես անծանոթին օգնել` կարգավորելու իր ընտանեկան հոգսերը, առողջական խնդիրները, այն, որ նա քեզնից շնորհակալ է, նրա համար, որ դու իրեն լսել ես, այն, որ ձեռքդ ամուր բռնում են, և հայտնում շնորհակալություն` դա ինձ համար շատ կարևոր և ուրախալի հանգամանք է»,-ասում է hոգեբանական գիտությունների թեկնածու, մանկավարժական համալսարանի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ, «Այգ» հոգաբանական ծառայությունների գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանը:

-Պարոն Պողոսյան, կարծես թե միտում կա, որ հոգեբանների մոտ այցելությունները շատացել են: Այլ կերպ ասած` մարդիկ սկսել են վստահել հոգեբաններին, և նախկինում ձևավորված տեսակետը` թե հոգեբանի մոտ գնում են հոգեպես շեղում ունեցողները, քիչ-քիչ տեղի է տալիս: Արդյո՞ք ճիշտ եմ նկատել:

-Այո, ճիշտ եք նկատել: Նրանք, ովքեր մինչ այդ գնում էին ներվապաթոլոգի կամ հոգեբույժի մոտ, հիմա նախընտրում են հոգաբանին, քանի որ չեն ցանկանում օգտագործել դեղորայք: Բացի այդ, նշեմ, որ արդեն ներվապաթոլոգները և հոգեբույժներն էլ են հիվանդներին ուղարկում հոգեբանի մոտ, քանի որ տեսնում են, որ հոգեբանի միջամտության շնորհիվ տվյալ մարդը կարող է բուժվել:

-Առավել շատ ի՞նչ խնդիրներով են մարդիկ դիմում:

-Եթե դասակարգելու լինենք, ապա առաջին տեղում ընտանեկան խնդիրներն են մարդկանց մտահոգում, հետո զույգերի միջև խնդիրներն են, կան նաև աշխատանքային բնույթի խնդիրներ, կան խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնելու իրավունք չունեմ:

– Շատ լավ, պարոն Պողոսյան, խնդրեմ ասացեք, ո՞րն է հայերին բնորոշ հոգեբանական թիվ մեկ խնդիրը:

-Մեզ մոտ միջամարդկային, փոխմարդկային հարաբերությունները փոխված է, եվրոպականացված ենք: Մեզ մոտ գոյատևման խնդիր է առաջացել: Մենք բարեկիրթ չենք: Մենք հարգանք չունենք մեկս մյուսի նկատմամբ, ստացվել է այնպես, որ յուրաքնաչյուր պահի հայը հային կարող է սպանել: Ու ես չեմ մեղադրում իշխանություններին: Ժողովուրդն է մեղավոր: Եթե ընտրությունների ժամանակ եղել են կեղծիքներ, կրկին ժողովուրդն է մեղավոր: Ես չեմ ժխտում, այսօր մեր իշխանությունը քրեականացված է, բայց սա մի օրվա բան չէ, միայն մեր հասարակության խնդիրն է: Անկախության շրջանում` մաքառումների շրջանում, մենք այնքան բան ենք կորցրել, որ մի տեսակ դատարկություն է հիմա տիրում:

-Իսկ դա հեշտ լուծվելի՞ է:

-Ոչ, բնավ, ոչ, դա շատ բարդ խնդիր է:

-Ապա, Դուք` որպես հոգաբան, ի՞նչ եք առաջարկում`գոնե փոքր-ինչ խնդիրը լուծելու համար:

-Պետք է սկսել դաստիարակությունից, երեխայի վաղ հասակից:

-Խոսենք հենց դաստիարակությունից, որը տարբեր մարդիկ տարբեր կերպ են հասկանում և իրականացնում: Ի՞նչ խորհուրդ եք տալիս:

-Նախ ասեմ, որ ես գոհ չեմ այսպես ասած` հիմիկվա դաստիարակությունից: Միշտ պետք է երեխայի կողքից քայլել, ուղեկցել, ու ոչ նստել նրա ուսերին, ոչ էլ նստացնել քո ուսերին: Պետք չէ նրա հետ խոսել ինչպես մեծը մեծի հետ, այլ պետք է տարեկիցներ խոսել: Պետք է երեխային թողնել, որ համի, հոտի զգացողություն ունենալ: Ու հենց այդ սխալ դաստիարակության արդյունքն է, որ ունենք այն ինչ ունենք: Մեր երիտսարդ ծնողները շատ անտարբեր են իրենց երեխայի նկատմամբ, հարկ եղած դեպքում էլ` պաշտպանում են իրենց երեխային:

-Ունենք փաստորեն, մի հասարակություն, որի սպասարկման ոլորտի աշխատկիցը կարող է մարդ սպանել: Ի՞նչ կասեք այս առնչությամբ, ի՞նչ հոգեվիճակ պետք ունենա մարդ, որ նման քայլի դիմի:

-Ես ուզում եմ խոսել ոչ միայն այդ արարքն իրագործողների, այլև ողջ հասարակության համար: Հիմա պետք է, որ ցույցեր լինեին, պետք է, որ մարդիկ իրենց չներեին, որովհետև դա արհավիրք է: Ինչ է նշանակում 6 բժշկի ծեծել, մեկին սպանել: Այս իրավիճակը մեր նախնիների կենդանական բնազդի արձագանքն է: Իսկ ով ասաց, որ թիկնապահը մեր երկրում կարող է ամեն բան անել: Այստեղ բարեկրթության և գթության պակաս կա: Մեր սոցիալական դաշտը մարդասիրական չէ:

-Ովքե՞ր են Ձեզ դիմում :

-Խորը պսիխիոզից մինչև խորը շիզոֆրենիա: Մեզ դիմում են տարբեր մարդիկ` դիպլոմավորից մինչև սովորական մարդիկ: Դիմում են նաև ինքնասպանության փորձ կատարողներ:

-Խոսենք ինքնասպանությունից: Ինքնասպանությունների թվի ավելացման միտում կա: Ովքե՞ր են նրանք, ինչո՞ւ են դիմում այդ քայլին:

-Հիմնականում պետք է ասեմ, որ այդ մարդիկ խոսում են ծածկագրերով: Զգացվում է, որ ուզում է ազատվել այդ ցանկությունից: Փակուղում հայտնված մարդիկ են, որոնց օգնել մեզ հաջողվում է:

-Այն արդյոք հիվանդություն է, թե՞ թուլամորթություն:

-Ո’չ, դա թուլամորթություն չէ, այլ հիվանդություն է: Կան մարդիկ, ովքեր այդ որոշումը կայացնում են պահի ազդեցության տակ: Ի դեպ, Սոկրատեսն էլ է ինքնասպան եղել:

-Վերջում, պարոն Պողոսյան, ի՞նչ խորհուրդ եք տալիս հայ ազգին:

-Խորհուրդ եմ տալիս լինել գթասիրտ, հարգել մեկը մյուսին, և որ ամենկարևորը լինել բարեկիրթ: Հայ ազգին պատուհասած այս հոգեբանական ողբերգությունը, թեև դժվար, բայց լուծելի է, իսկ առաջին քայլը` անցնել նորմալ մարդասիրական հարաբերությունների: