Մեդվեդևը հե՞տ է կանգնում

9

Ռուսական «Կոմերսանտ » պարբերականը հունիսի 24-ին Կազանում կայացած ԼՂ հակամարտության կարգավորմանը նվիրված նախագահներ Դ. Մեդվեդևի, Ս. Սարգսյանի ու Ի. Ալիևի եռակողմ հանդիպման վերաբերյալ գրում է, որ բանակցությունների նմանատիպ ձևաչափը հարցականի տակ է դրված:

Թերթը նաև վկայակոչում է Կրեմլի իր աղբյուրին ու նշում, թե Դ. Մեդվեդևն այնքան է հիասթափված Կազանյան հանդիպումից, որ պատրաստ է դադարեցնել ԼՂ հակամարտության կարգավորմանը միտված իր միջնորդական ջանքերը:

«Եթե մոտ ապագայում Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստակամություն չհայտնեն կուտակված խնդիրները լուծելու հարցում, մենք կհամարենք, որ միջնորդական առաքելությունն ավարտված է», – ասել է պարբերականի զրուկակիցը ու հավելել. «Ավելին, Դ. Մեդվեդևը փաստացի վերջնագիր է ներկայացրել հակամարտության մասնակիցներին. հաջորդ եռակողմ գագաթնաժողովը կկայանա այն ժամանակ, երբ կողմերը հստակ կհայտարարեն, որ պատրաստ են ստորագրելու ԼՂ կարգավորման Հիմնարար սկզբունքները հաստատող փաստաթուղթը», – ասել է Կրեմլի աղբյուրը:

Իսկ մեկ այլ պարբերական «Gazeta.ru»-ն գրում է, որ պատերազմը դեռևս չի ավարտվել` նշելով Ի. Ալիևի այն արտահայտությունը, որ. «Ես ամբողջությամբ վստահ եմ, որ մեր տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»: Թերթը նաև գրում է, որ կազանյան հանդիպումը ոչ մի արդյունք չտվեց և վերջում պարզապես ձևական ինչ-որ հայտարարություն արվեց երեք նախագահների կողմից: Բացի այդ, ըստ պարբերականի` երկու կողմերն էլ` և Հայաստանը, և’ Ադրբեջանը միմյանց են մեղադրում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար որևէ փաստաթուղթ չստորագրելու մեջ: