Մարդ արտահանող երկիր ենք դարձել. Զ. Փոստանջյան.

4

«Այս կառավարությանը պետք է ցտեսություն ասել»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, ավելացնելով, որ մեր իշխանության քաղաքական կամքը գնահատվում է ընդամենը 2500 դրամ:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն իր ելույթում հայտարարեց. «Քաղաքացին 2013թ. նվազագույն աշխատավարձի ավելացված 2500 դրամով կարող է գնել ընդամենը 12 հատ հաց, եթե հացի գինը վերցնենք 200 դրամ: Այս օրինագծով դուք ևս մեկ անգամ խթանում եք արտագաղթը, մենք մարդ արտահանող երկիր ենք դարձել. ստրուկին հասանելիք միջոցներ եք տալիս մարդուն, որ սովից չմեռնի ու լինի անընդհատ քաղցած»:

Փոստանջյանը նկատեց, որ նստածներից ոչ մեկը չի կարող ասել, որ 2500 դրամով կարող իր կարիքները հոգալ:

«Ես որեւէ լուրջ հիմնավորում չտեսա, թե ինչու է նվազագույն աշխատավարձը սահմանվել 35 հազար դրամ, այլ ոչ ասենք՝ 36 հազար դրամ: Նախագիծն իր գաղափախոսությամբ բացարձակապես անընդունելի է»,- ըդգծեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` չզարմանալով, որ ԱԺ-ն նման հարց է քննարկում:

Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին շատ դուր էր եկել Արծվիկ Մինասյանի ցտեսությունը` ուղղված կառավարությանը. «Իհարկե, այդքան գումարով մարդիկ չեն կարող ապրել, սակայն եկեք կողմ քվեարկենք այս նախագծին, որ հետո կարողանանք բոլոր խութերը քննարկենք: Ի դեպ, ես ինձ շատ լավ զգացի, որ ելույթ ունեցողներից մեկը կառավարությանը ասաց՝ ցտեսություն. Սա արդեն մեզ հույս է տալիս, որովհետև ցտեսություն բառը նշանակում է մինչև տեսություն, այսինքն` կարոտ, սեր արթնացնող բառ է»,- հավելեց Սահակյանը: