ՄԻԱՎ վարակի համաճարակն իր ներգործությամբ և կործանարար չափերով աշխարհում արտակարգ իրավիճակ է ստեղծել: Առաջին անգամ արձանագրվելով 1981թ.-ին ԱՄՆ-ում, այսօր ՄԻԱՎ վարակը տարածվել է բոլոր մայրցամաքներում և աշխարհի բոլոր երկրներում` վերաճելով գլոբալ համաճարակի: 2009թ. դեկտեմբերի դրությամբ աշխարհում արդեն ապրում էր մոտ 33,3մլն ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար: Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:
1988թ. մինչև 2011թ. ապրիլի 30-ը մեր երկրում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1040 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 747 մարդ (71,8%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 293 դեպք (28,2%): ՄԻԱՎ վարակի 22 դեպք (2,1%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ 57,6%-ը 25-39 տարիքային խմբում է:
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (52%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (39%): Սրանցից բացի արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:
ՄԻԱՎ վարակով հիվանդներից 505-ի մոտ (կին` 114, երեխա` 10) ախտորոշվել է ՁԻԱՀ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 242 դեպք: Մահացածների թվում կան 40 կին և 5 երեխա:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 1900:
ՄԻԱՎ վարակի համաճարակը շարունակում է ամեն տարի միլիոնավոր մարդ¬կային կյանքեր խլել: 1983թ.-ից ի վեր ողջ աշխարհում մայիսի երրորդ կիրակի օրը նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր:













