Երևանի կենտրոնում` «Մոսկվա» կինոթատրոնի և «Գոլդեն թուլիփ» հյուրանոցի հարևանությամբ 50 հարկանի շենքի կառուցումը ճարտարապետները անհեթեթություն են համարում: Այն, որ իրանական մի կիսապետական ընկերություն որոշել է «Պերսիան թաուեր» կառուցել մայրաքաղաքի սրտում արդեն խոսվում է տարբեր շրջանակներում:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը այդ կառույցը ոչ ճարտարապետական և ոչ էլ քաղաքաշինական առումով տրամաբանական չի համարում. «Այնտեղ արդեն 2 շենք կա մեկը կինոթատրոնը, մյուսը նկարիչների միությունը: Հրապարակն ինքնին պատմամշակութային է, և այն խեղաթյուրելը անտրամաբանական է»:
Քալաշյանը նշում է, որ այդ 50 հարկանի շենքի տեղում այլ շենք էր կառուցվում նկարիչների միության շենքի շարունակությունը. «Մինչև հիմա մնում է անհասկանալի: Հիանալի կառույց էր սարքված, հիանալի ճարտարապետ էր նախագծողը և շատ լավ, ավարտուն կլիներ այդ աշխատանքը: Քարուքանդ եղավ այդ ամեն ինչը, անհասկանալի պատճառով, անհասկանալի գործընթացներում: Ճարտարապետը Ջուլակյան Ռոմեոն էր: Պարզապես իրողություններն այնպես եղավ, որ շենքը չավարտվեց, մնաց կիսատ, թեև ինքը ամբողջությամբ պատրաստ էր ուղղակի հարդարանքն էր մնացել: Արդյունքում այդ շենքը ինչ-ինչ պատճառով, ով, չգիտեմ ինչ, վաճառեց 20.000 դոլարով, թե 30.000 դոլարով ընդամենը: Եվ հիմա, եթե 3 միլիոն էլ տան, հետ չեն տա այդ հողամասը: Ահա այդ եղավ արդյունքը: Մենք ուղղակի վատնեցինք մեր ունեցվածքը անողոք ձևով»:
Ճարտարապետ այս ամենի մեղավորը միայն ազգին է տեսնում. «Մենք ազգովի ենք մեղավոր»:
Իսկ այն հարցին, թե արդյոք ճարտարապետական որևէ լուծում կարող է թույլ տալ տարածքում 50 հարկանի շենքի կառուցումը, նրա պատասխանը միանշանակ էր. «Չէ, այդտեղ 5 հարկից ավելի շինություն կառուցելը անհեթեթություն է»:
Հիշեցնենք, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հարցի վերաբերյալ նշել է.«Այն պետք է նախևառաջ քննարկվի քաղաքաշինական խորհրդում, որից հետո նոր հնարավոր կլինի ինչ-որ հստակ բաներ ասել»:
Եթե մյուս ճարտարապետները անգամ 50 հարկանի շենքի անունից են խուճապահար լինում` նշելով, որ տարածքում միայն 5 հարկանի շենք կարող է լինել, մեր գլխավոր ճարտարապետին այդ ամենը չի հուզում և պատրաստ է ցանկացած քննարկումների և անհնարինը հնարավոր դարձնող ճարտարապետական լուծումների:













