Ղարաբաղյան հարցը հորիզոնի է նման

11

«Հանուն Ադրբեջանի» շարժման ղեկավար Իլգարոմ Հասիմովը Regnum գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում խոսել է Ադրբեջանի ներկայիս իրավիճակի, խնդիրների և ղարաբաղյան հիմնախնդրի մասին: Այն հարցին, թե Հասիմովն ինչպես է գնահատում Ադրբեջանի ներկա հասարակական-քաղաքական իրավիճակը, վերջինս պատասխանել է. «Կարծում եմ, որ արտաքին հանգստությունը, որն այսօր իշխում է Ադրբեջանում, ինչ-որ չափով խաբուսիկ է: Իրենց ապրելակերպից դժգոհողները տարեց տարի ավելանում են, և դա չի կարող չանհանգստացնել: Բայց մինչև այդ դժգոհությունները բողոքի չվերածվեն, որևէ քաղաքական փոփոխության սպասելն իմաստ չունի»:
Հասիմովը նշել է, որ իրենց ամենամեծ դժբախտությունը այն է, որ մտածում են` ամեն ինչ հնարավոր է փողով լուծել: «Մեր գլխավոր արժեքը ոչ թե նավթն է, այլ մարդիկ»,- ընդգծել է շարժման ղեկավարը:

Իսկ այն հարցին, թե նա ինչպես է գնահատում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, Հասիմովը ասել է. «Ներկա իրավիճակը հիշեցնում է հորիզոն: Որքան նրան մոտենում ես, այնքան այն մեզնից հեռանում է: Ինձ մոտ տպավորություն է, որ հայերի և ադրբեջանցիների շահերը հետին պլան են մղվել: Առաջին պլան են եկել գերտերությունների շահերը, ովքեր ոչ մի կերպ հետաքրքրված չեն այդ հիմնախնդրի կարգավորմամբ: Ինձ թվում է` այժմյան ֆորմատի փոփոխության ժամանակն է եկել»:

Հասիմովը նաև նշել է, որ Ֆրանսիան որպես ԵԱՀԿ համանախագահող պետություն հայամետ դիրքորոշումներ ունի: