Հստակեցվել են նոտարական վճարումների գների

6

ՀՀ կառավարությունը հաստատել է նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները, ուժը կորցրած ճանաչել սակագները հաստատելու նախկին որոշումը։

Նոր որոշմամբ մանրամասնորեն կարգավորվում են նշված հարաբերությունները և հնարավորինս հստակ թվարկվում նոտարների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները։ Մասնավորապես, վերացվում է «առանձնապես բարդ գործարքներ» հասկացությունը, որի համար ծառայության վճար էր նախատեսված նվազագույն աշխատավարձի 5-20-ապատիկի չափով, սահմանվում է, որ նոտարի կողմից կատարվող վճարը ներառում է ոչ միայն բոլոր փաստաթղթերի ուսումնասիրումը, պարզաբանումը, այլև օրինակելի ձևերի տրամադրումը։ Սակագների հստակեցմամբ նոտարին դիմած անձանց համար կապահովվեն առավել բարենպաստ պայմաններ` սահմանափակելով նոտարների կողմից իրենց հայեցողությամբ որոշակի ծառայություններն առանձնապես բարդ համարելու և դրանց համար առավել բարձր սակագներ սահմանելու հնարավորությունները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` սա մեր նոտարական ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված քայլերից է։ «Ցավով պետք է նշեմ, – հավելել է վարչապետը, – որ մեր մոնիտորինգի արդյունքները դեռևս գոհունակության տեղիք չեն տալիս. նոտարի ծառայություններից մեր քաղաքացիները դժգոհ են։ Այդ իրավիճակը պետք է շտկենք հնարավորին չափ կարճ ժամկետում։ Բոլոր գերատեսչությունների ղեկավարների ուշադրությունը ևս մեկ անգամ ցանկանում եմ հրավիրել այս հանգամանքի վրա։ Ծառայությունների մոնիտորինգը մենք շարունակում ենք։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին շաբաթվա մեր մոնիտորինգի արդյունքներով էապես դրական ցուցանիշներ են արձանագրվել կադաստրի աշխատանքում։ Բյուրոկրատական քաշքշուկը վերացված է, ծառայությունները մատուցում են բարձր որակով, քաղաքացիներն էլ գոհ են այդ ծառայություններից։ Նույնը պետք է ապահովենք նոտարական գրասենյակներում»։