Հանրահավաքը ժամը 15:00-ին կլինի

4

Հայ Ազգային Կոնգրեսը այսօր ժամը 15-ին հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում: Նշենք, որ երեկվա հանրահավաքից հետո մարդիկ շարունակեցին մնալ Ազատության հրապարակում և դեռևս 1 շաբաթ շարունակվելու է շուրջորյա հանրահավաքները, Լեւոն Տեր-Պետրոսյանը 8 կետ նշեց այս քայլին դիմելու համար`

1. Մինչեւ տարվա վերջ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։

2. Ընտրություններից առաջ ՀՀ ընտրական օրենսգրքում կատարել էական փոփոխություններ, նրանցում ընդգրկելով մեր ներկայացրած հայտնի առաջարկները։

3. Առաջիկա երեք ամիսների ընթացքում բացահայտել 2008թ. մարտի 1-ի տասը սպանությունները եւ քրեական հետապնդում սկսել դրանց պատասխանատուների նկատմամբ։

4. Ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին եւ կարճել Կոնգրեսի յոթ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերը։

5. Վերացնել Երեւան քաղաքում փողոցային առեւտրի վրա դրված անօրինական արգելքը։

6. Չեղյալ հայտարարել Երեւանում տեղադրված կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ընդունված որոշումը։

7. Դադարեցնել մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի այլանդակումը եւ արգելել Երեւանի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցումը։

8. Օրենքով արգելել բարձրաստիճան պետական պաշտոնյաների, Ազգային Ժողովի պատգամավորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից մամուլի միջոցների եւ լրագրողների դեմ դատական հետապնդումների հարուցման պրակտիկան։