Հանգստանում են «յորղանին գյորա»

8

Պաշտոնյանների մեծ մասը դեռ չի որոշել, թե երբ եւ որտեղ է հանգստանալու: FreeVoiceNews փորձել է պարզել, թե այս ամռանը երբ, որտեղ են հանգստանալու մեր պաշտոնյանները եւ ինչքա՞ն գումար են նախատեսել ամառային հանգստի համար:

Հուլիսի 7-ի կառավարության նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանն ավետիս է տվել կառավարության անդամներին` ասելով, որ հուլիսի 7-ից սկսած` ցանկացած օր կարող են 2-շաբաթյա արձակուրդ վերցնել եւ մեկնել որեւէ տեղ` հանգստանալու: Ի դեպ, նշենք, որ պաշտոնյաններից ոչ ոք չհրապարակեց ամառային հանգստի համար նախատեսած գումարի չափը:
Բնապահպանության նախարարն արդեն մեկնել է հանգստի, եկող երկուշաբթի, արդեն կանցնի աշխատանքի: Մամուլի խոսնակ Արծրուն Պեպանյանը, կամ չգիտեր, կամ էլ չցանկացավ ասել, թե որտեղ է նա հանսգտանալու: Սակայն լուրեր են պտտվում, թե նա հանգստանալու է հայրենի Եղվարդ գյուղում:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այս ամռանը արձակուրդի չի գնալու, իր ընդունարանից ասացին, որ այս տարի նրան պաշտոնապես արձակուրդ չի հասնում, նոր է աշխատանքի ընդունվել:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեռ չի որոշել, թե երբ եւ որտեղ է հանգստանալու, բայց պարզվում է, ինչպես ժողովուրդն է ասում` ոտքը յորղանին գյորա է մեկնելու, այլ կերպ ասած` իր ամառային հանգիստը կհամապատասխանի իր աշխատավարձին:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր է` հանգստի չմեկնի:
Կրթության նախարար Արմեն Աշտոյանն արդեն մեկնել է հանգստի, թե ուր դա պարզ չէ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Տիգրան Սարգսյանը պաշտոնյաներին հորդորել էր տնտեսական ճգնաժամի պատճառով արձակուրդը չանցկացնել Հայաստանից դուրս, իսկ հնարավորության դեպքում` գնալ Ղարաբաղ: Զարուհի Փոստանջյանն այս տարի հենց այդպես էլ արել է: Ընտանիքի հետ գնացել են Արցախ, մի քանի օր լավ հանգստացել ու եկել: Իսկ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրել է հանգստի յուրատեսակ տարբերակ` շրջելու է Հայաստանի մարզերում ու գյուղերում, հանդիպելու է մարդկանց և բարևելու է:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն էլ ինչպես շատ պաշտոնայաներ այս ամռանը կշարունակի իր աշխատանքը` հանգստի մեկնելու պլաններ դեռ չկան:
Թե պետական պաշտոնյաների ամառային հանգիստը ինչ միջոցների հաշվին է` սեփական, թե` պետական բյուջեի, մեզ ճշտել չհաջողվեց։ Բայց երևի բոլորին էլ պարզ է…