Այսօրվանից մինչև սեպտեմբերի 29-ը Հայաստանը մասնակցելու է Ալեքսանդրիայի Ալեքսանդրինա գրադարանում անցկացվելիք Մերձավոր Արևելքի երկրների և դրանց լեզուներով տպագրության ու հրատարակման պատմությանը նվիրված չորրորդ` եռամյա (տրինալե) միջազգային սիմպոզիումին:
Սիմպոզիումի շրջանակներում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ, նախատեսվում է անցկացնել Հայաստանում գրատպության պատմությանը նվիրված հատուկ նիստ: Սիմպոզիումին Հայաստանից մասնակցելու են Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը, ՀՀ ազգային գրապալատի հայկական տառատեսակների պահպանման ու մշակման բաժնի վարիչ, տառաստեղծ Էդիկ Ղաբուզյանը:
Ալեքսանդրինա գրադարանում անցկացվելու է նաև հայ առաջին տպագիր գրքի 500-ամյա հոբելյանին նվիրված` հայ հնատիպ գրքի ցուցահանդես, որտեղ ներկայացվելու է նմուշներ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ու Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի հավաքածուներից:













