Ընդամենը 6 ամիս էր մնացել 1991 թ ծնված շարքային Տիգրան Բենիկի Համբարձումյանին ավարտելու զինծառայությունը, սակայն հունիսի 29-ին Սյունիքի մարզի N զորամասի հարակից անտառում հայտնաբերվել է նրա դին:
ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը տեղեկացրել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է ածելի, իսկ դիակի զննությամբ ձախ ձեռքի արմնկափոսի շրջանում լայնակի վերք հարթ եզրերով:
Մեկ այլ աղբյուրի համաձայն` հունիսի 28-ին Տիգրանը հեռախոսով խոսել է հոր հետ եւ բավական բարձր տրամադրություն ուներ: Նա խնդրել էր լիցքավորել հեռախոսը, սակայն երբ 1 ժամ հետո ծնողները զանգահարել են նրան, անհասանելի է եղել: 4 ժամ անց ծնողներին է զանգահարել զորամասի շտաբի պետը եւ ասել, որ իրենց որդին փախել է զորամասից:
Մյուս օրն առավոտյան ժամը 5-ին ծնողները մեկնել են Կապան, ժամը 11-ին եղել են շտաբի պետի մոտ: Վերջինս ասել է, թե ռազմական ոստիկանությունը փնտրել, սակայն չի կարողացել գտնել նրան: Քիչ անց ծնողներին են զանգահարել Մասիսի զինկոմիսարիատից, եւ տեղեկացրել, որ գտել են Տիգրանի դիակը: Կապանի զորամասից 30 մետր հեռավորության վրա, անտառում գտնվող ճանապարհին: Նրան գտել են երեսի վրա ընկած, ձեռքերը երեսին, դեմքի ու վզի հատվածում վնասվածքներով, դեմքն այլանդակված, արմունկի հատվածում երակը բավական երկար կտրած:
Երեկ Տիգրանի դիակը տեղափոխվել է Երեւան, սակայն սառնարանում չեն պահել, եւ դիակի քայքայումը շարունակվել է:
Նշենք, որ շարքային Տիգրան Համբարձումյանը հունիսի 28-ին դուրս էր եկել զորամասից, սակայն այդ օրվա որոնողական աշխատանքները արդյունք չէին տվել եւ միայն հաջորդ օրը հայտնաբերվել էր զինվորի դին:













