Հայաստանում ընտրությունների մեխանիզմ գոյություն չունի, ընտրություններ գոյություն չունեն. Լ.Զուրաբյան

18

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով իրենք առանցքային են համարում ընտրական ամբողջ համակարգի արմատական վերափոխման անհրաժեշտությունը և եթե իշխանությունները չընդունեն ընտրական օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու իրենց առաջարկած փաթեթը, նշանակում է պատրաստ չեն ազատ ու արդար ընտրություններին:

ՀԱԿ-ի համար, ըստ բանախոսի, առաջիկա նախագահական ընտրությունները բախտորոշ են լինելու, բախտորոշ է լինելու նաև պետության համար. «Հայաստանում ընտրությունների մեխանիզմ գոյություն չունի, ընտրություններ գոյություն չունեն: Մենք չենք մրցակցում թեկնածուների հետ: Մեր հիմնական հակառակորդն այն ընտրակեղծարար մեքենան է, որն այսօր կառավարում է Հայաստանը»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:

Զուրաբյանը կարևորեց այն, որ իրենցխմբակցությունն արդեն շրջանառության մեջ է դրել 22 կետից է կազմված օրենսդրական փաթեթ` ընդգծելով, որ այս փաթեթի ընդունումը կհաստատի վստահությունն ընտրությունների նկատմամբ. «Մենք առաջարկում ենք վերացնել մեծամասնական ընտրակարգը և ամբողջությամբ անցնել համամսնական ընտրակարգի»:

Խոսելով առաջիկա նախագահական ընտրությունների և իր ու Նիկոլ Փաշինյանի միջև եղած հակասությունների մասին, Զուրաբյանը նշեց. «Մենք մեր թեկնածուն ունենք` Լևոն Տեր-Պետրոսյանն է, բայց դեռ վերջնական որոշում չկա, մենք պահեստային թեկանծուի մասին չենք մտածել, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելը իրատեսական չհամարեի՝ չէի խոսի: Իսկ միասնական թեկնածուով հանդես գալու որոշում չունենք, չենք էլ քննարկել, դրանք պարզապես մամուլում շրջանառվող լուրեր են: Իսկ հակասությունները դրանք շարժիչ ուժ են, եթե չլինեն մենք առաջ չենք գնա: Ներսում կարելի է կոկորդներ կրծել, իսկ դրսում ներկայանալ միասնաբար»,-նշեց Լևոն Զուրաբյանը: