Համանախագահներն առաջիկայում կայցելեն տարածաշրջան

8

ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, Նալբանդյանի համանախագահների հետ հանդիպմանը քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող հարցեր: Անդրադարձ է կատարվել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների վերաբերյալ եռանախագահների կողմից նախորդ հանդիպման ընթացքում արված առաջարկին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համանախագահների` առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է, որ Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` համանախագահների հետ նախորդ երկու հանդիպումների ժամանակ համաձայնեցված համատեղ մամլո հաղորդագրությունները ադրբեջանական կողմը ոչ միայն այդպես էլ չհրապարակեց, այլև, արդեն բնորոշ դարձած ոճով, ներկայացրեց քննարկված հարցերի հետ առչնություն չունեցող հաղորդագրություններ: Արդեն ավանդույթ է դարձել, որ ադրբեջանական կողմը մերժում է եռանախագահների կողմից ներկայացված առաջարկները և հետո մտահոգություն հայտնում բանակցային գործընթացի վերաբերյալ:

Նախարար Նալբանդյանը վերստին շնորհակալություն է հայտնել համանախագահներին` կարևոր և հետևողական միջնորդական առաքելության համար, որի վկայությունն են նաև եռանախագահ երկրների ղեկավարների կողմից լ’Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում և Լոս-Կաբոսում արված համատեղ հայտարարությունները:

ԱԳ նախարարը վերահաստատել է, որ Հայաստանը համանախագահների հետ միասին շարունակելու է ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: