ՀՅԴ-ի առաջարկին քաղաքացիները դեմ չեն

5

Նոր Ընտրական օրենսգրքի քննարկման շրջանակներում ՀՅԴ խմբակցության առաջ քաշած սկզբունքային կետերից մեկը ընտրությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակումն էր, ինչն, ըստ ՀՅԴ ներկայացուցիչների, զգալիորեն կնվազեցներ ընտրակեղծիքների թիվը:
Այս մասին ասվում է ԱԺ ՀՅԴ խմբակցության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ դրա հեղինակների, ԸՕ-ի այդ կետին կտրուկ դեմ էին խորհրդարանական մեծամասնության և կառավարության ներկայացուցիչները, որոնց համոզմամբ` դա կխախտեր մարդու` ընտրության գաղտնիության սկզբունքը:
Նշվում է, որ ԱԺ-ում ԸՕ-ի քննարկմանը զուգահեռ ՀՅԴ խմբակցության կայքէջում տեղադրված է եղել մի հարցում, որտեղ կայքի այցելուները պետք է նշեին, թե արդյո՞ք իրենց կարծիքով ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցանկի հրապարակումը իրավունքի ոտնահարում է:

«Ստացված արդյունքը շատ ուշագրավ էր և կարծում ենք` օգտակար կլինի նաև իշխանական թևի ներկայացուցիչների, ինչպես նաև նրանց շահերը պաշտպանող իրավաբանների համար: Այսպիսով հարցմանը մասնակցածների 91 տոկոսը`1569 հոգին գտնում է, որ այդ կերպ իրենց իրավունքները չեն ոտնահարվում: 5 տոկոսը` 86 հոգին, դեմ է ընտրությունից հետո ընտրացուցակների հրապարակմանը և ընդամենը 4 տոկոսն է ` 69 հոգի, դժվարացել պատասխանել այս հարցին»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ: