ՀԱԿ-ը ԼՂՀ-ին ազատ, արդար, օրինական ընտրությունների կոչ է անում

12

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ԼՂՀ-ում ընթացող նախագահական ընտրությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է`
Այսօր Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում տեղի են ունենում հերթական նախագահական ընտրությունները: Կոչ ենք անում ԼՂՀ իշխանություններին` անել հնարավորը՝ ապահովելու համար օրինական, ազատ և արդար ընտրություններ: Թե՛ ռազմի դաշում և թե՛ դիվանագիտական ասպարեզում Ադրբեջանի հետ տարվող անհավասար պատերազմում ԼՂ հիմնական ռեսուրսներից պետք է լինի ժողովրդավարական ինստիտուտների անհամեմատ ավելի բարձր մակարդակը և կենսունակությունը, ինչը միանշանակորեն կնկատվի միջազգային հանրության կողմից: Վերջինիս արձագանքը ընտրություններին մեծապես պայմանավորված է լինելու հենց ընտրությունների որակով:

Միևնույն ժամանակ, ազատ և արդար ընտրությունների ամենամեծ պահանջատերը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է, որի օրինակարգ իշխանությունները նոր լիցքեր կստանան ԼՂ պետական շահերը բանակցային գործընթացում առաջ մղելիս: և վերջապես, օրինական ընտրությունները ԼՂՀ անվտանգության հարց է, ինչը չեն կարող չգիտակցել ընտրություններում ներգրավված բոլոր կողմերը:

Կոչ ենք անում նաև Հայաստանի իշխանություններին անհապաղ խորհրդատվություններ սկսել բարեկամ երկրների համապատասխան գերատեսչությունների հետ՝ ապահովելու, մասնավորապես, ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ երկրների, ինչպես նաև հարևան, ՀԱՊԿ և ԵՄ անդամ պետությունների դրական վերաբերմունքը ԼՂ նախագահական ընտրություններին: