Կ. Մանոյան. Հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանին վնասում են

12

«Արձանագրությունները նույն վիճակում են, ինչպիսի վիճակում էին երեք տարի առաջ, երբ ստորագրվեցին»,- խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին, վստահեցրեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Բանախոսը շեշտեց, որ արձանագրությունները կան, իսկ այն մեկնաբանությունները, թե փաստորեն մահացել են, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում, «որովհետև իրավական առումով դրանք գոյություն ունեն»:

Իսկ թուրքական կողմի այն մեկնաբանությունը, թե արձանագրությունները կենդանի են և նրանց ուղղությամբ աշխատանքներ են տարվում, ևս չի համապատասխանում իրականությանը:

«Երեք տարին բավարար ժամանակ է, որ այդ արձանագրությունները դադարեն գոյություն ունենալուց: Անհրաժեշտ է, որ Հայաստանը իր ստորագրությունը այդ արձագրություններից հետ վերցնի։ Ներկա դրությամբ Հայաստանին դրանք վնասում են»,- ընդգծեց բանախոսը` շեշտելով, որ իրենք դեռ ստորագրության ժամանակ էին ասում, որ արձանագրությունները չեն բխում Հայաստանի շահերից:

Մանոյանի խոսքով արձանագրությունները լծակ են Թուրքիայի համար` օգտագործելու ԼՂ հարցը: Նրա համոզմամբ` եթե Հայաստանը հետ վերցնի ստորագրությունները, աշխարհը կընկալի, որ Թուրքիան էր մեղավոր արձանագրությունների` այդ ճակատագրին արժանանալու հարցում: