2011 թ. հուլիսի 16-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Ռոբերտ Հովհաննիսյանը՝ իր որդու՝ Ռաֆիկ Հովհաննիսյանի իրավունքների պաշտպանության հարցով: Ռաֆիկ Հովհաննիսյանը 2011 թ. հունիսի 29-ին զորակոչվել էր բանակ եւ ծառայությունն անցնում էր Վայքի զինվորական մասում, չնայած այն հանգամանքին, որ նրա մոտ առկա են մի շարք հիվանդություններ, որոնց պատճառով Ռաֆիկ Հովհաննիսյանը 2008 թ. ստացել էր տարկետում:
Ծառայության անցնելով 2011 թ.՝ Ռաֆիկ Հովհաննիսյանի մոտ առողջական խնդիրների պատճառով առաջացել էին ծառայության հետ կապված դժվարություններ: Բացի այդ զինծառայողի հայրը տղայի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա տեղեկացրել էր կազմակերպությանը, որ իր որդին զորամասում հուլիսի 11-ին ենթարկվել էր ծեծի, որից հետո զինծառայողը բողոքել է երիկամների ցավից, որի մասին եւ կազմակերպությունը տեղեկատվություն էր խնդրել ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Զինծառայողին ծեծի ենթարկելու փաստի առթիվ կազմակերպությունը դիմել էր ՀՀ զինվորական դատախազին եւ ՀՀ պաշտպանության նախարարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործ հարուցելու եւ հաղորդման վերաբերյալ որոշում կայացնելու համար: Հաղորդմանն ի պատասխան, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության Եղեգնաձորի զինվորական դատախազ Տ. Սարգսյանը հայտնել էր կազմակերպությանը, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Ռոբերտի Հովհաննիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հրապարակման առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ Քր. Դատ. Օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով՝ հանցադեպի բացակայության հիմնավորմամբ:
Ռաֆիկ Հովհաննիսյանի առողջական խնդիրների, մասնավորապես երիկամների խնդիրների վերաբերյալ կազմակերպության գրության վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը հայտնել էր, որ 2008 թ. ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված կենտրոնական բժշկական հանձնաժողովի N 18-262/7649 որոշմամբ Ռ. Հովհաննիսյանը ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության խաղաղ ժամանակ «պրիմիտիվ անձ, էմոցիոնալ անկայունությամբ» ախտորոշմամբ եւ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետի ստացել է տարկետում 3 տարի ժամանակով, իսկ 2011 թ. գարնանային զորակոչին նա կրկին հետազոտվել է նույն բուժհաստատություններում եւ ըստ տրված եզրակացությունների, ինչպես նաեւ Վանաձորի պոլիկլինիկայից տրված հետազոտությունների արդյունքների զորակոչիկը ներկայացվել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին, որի կողմից ճանաչվել է պիտանի շարային ծառայության համար սահմանափակումներով եւ զորակոչվել է ՀՀ զինված ուժեր:
Այստեղ հարկ է նշել, որ զորակոչիկի մոտ առկա են եղել այն նույն հիվանդությունները, որոնց պատճառով նա 2008 թ. ստացել էր տարկետում 3 տարի ժամանակով:
Ինչ վերաբերում է զինծառայողի մոտ առկա երիկամների խնդրին, ապա հայտնել են, որ վերջինս նման խնդիրներ չի ունեցել ոչ կցագրման, ոչ էլ 2008 եւ 2011 թթ. զորակոչերի ժամանակ, իսկ թե ինչպես է այդ հիվանդությունը ձեռք բերվել, ապա այդ մասին կարող է տրվել եզրակացություն համապատասխան հետազոտություն անցկացնելուց հետո:
Սեպտեմբերի 7-ին անցնելով ռազմաբժշկական փորձաքննություն՝ համաձայն ՀՀ ՊՆ N175 հրամանի համապատասխան կետերի Ռ. Հովհաննիսյանը ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության եւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:













