Խուլերի և կույրերի ժամանակներն անցե՞լ են

15

Եթե նախորդ հինգ տարիների ընթացքում ընդդիմության շարքերն անցնելը բավականին ռիսկային էր և ոչ այնքան նպատակահարմար, ապա ինչպես երևում է մոտակա հինգ տարիներին ընդդիմությունն այնքան էլ անտեսված չի լինի, համենայն դեպս` այդպիսի ԱԺ նիստի ընթացքում նման տպավորություն ստեղծվեց: Այսինքն ի տարբերություն նախորդ խորհրդարանի այս անգամ նկատելի են բավականին կոշտ և սուր քննադատություններ, երկխոսություն, ավելին` կան պատգամավորներ, որոնց համար ժամանակը սուղ է, նախորդում, նման դեպքերը ինչպես ասում են` հազարից մեկ էին պատահում: Եվ հարց է առաջանում, մի՞թե սառույցը տեղից շարժվել է, թե՞ պարզապես առաջին տպավորության էֆֆեկտն է ընդդիմությունը ստեղծում: Նախկին և ներկա պատգամավորները նույնպես չեն ժխտում, որ նոր ընդդիմության նոր շունչը է բերել: «Չինական պատի հետ մենախոսություն, ուր շատ հաճախ մենակ էիր մնում քո ճշմարտության հետ»,-այսպես է բնութագրում ՀՅԴ խմբակցության նախկինպատգամավոր Լիլիթ Գալստյանը չորրորդ գումարման խորհրդարանի մասին, ով հույս ունի, որ այսուհետ կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը հարկադրված է ավելի զգոն լինել, հաշվի նստել ընդդիմության կարծիքի հետ: «Կառավարությունը, ցավոք, որդեգրել էր «մեր դեմ խաղ չկա» քաղաքական վարքագիծն ու փիլիսոփայությունը։ Հիմա, տպավորություն ունեմ, որ ժամանակները փոխվել են, պարտադրող են, քաղաքացիներն ինչ-որ առումով պահանջատեր են դարձել, իրավունքներն են գիտակցում և պաշտպանում։ Ընդդիմադիրների ձայներն էլ որակական այլ պատկեր ունեն։ Կարծում եմ վերևներն էլ հասկացել են, որ զոռբայության ու ագրեսիվ մեծամասնական կեցվածքները հեռանկար չունեն. կառավարությունը այս կամ այն չափով հաշվի նստելու է հավաքական ընդդիմության հետ՝ ես նահանջի նոտաներ տեսնում եմ»,- ասում է նախկին պատգամավորը:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասում է, որ ինքը խնդիր չունի համեմատվելու նախորդ ընդդիմության հետ, նա չի ցանկանում թերագնահատել նախորդ ընդդիմությանը. «Ես չեմ կարող ասել, թե որն է լինելու տարբերությունը, բայց կասեմ, որ մենք ունենք միասնական տեսակետ, մեր խնդիրը միմյանց դեմ չէ, այլ` իշխանության: Ես առաջընթաց նկատում եմ, և պետք է փորձենք շարունակել այս նույն կերպ»,-ասում է նա, միաժամանակ հիշեցնելով, որ ինքը դեռ վաղուց է ասել, որ նոր ընդդիմության հետ առավել դժվար է լինելու:
Իսկ Լիլիթ Գալստյանը հույս ունի, որ երկխսությունը այս անգամ ավելի շատ է լինելու. «այն ժամանակ հաճախ էի ասում, թե խուլերի և կույրերի երկխոսության է նման կառավարության հետ գործակցությունը, թեև հաճույքով եմ հիշում մեր հանձնաժողովում համագործակցությունը տարբեր խմբակցությունների պատգամավորների և հատկապես Անահիտ Բախշյանի հետ իմ համագործակցությունը»,-ասում է նա:
Իսկ ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանի կարծիքով նոր ըննդիմությունը քաղաքական ասելիք ունի, որը բազմազան է. «Ես չեմ թերագնահատում նախորդ ընդդիմությանը, բայց ուզում եմ նշել, որ դրական եմ գնահատում նոր ընդդիմության աշխատանքը, անշուշտ, կլինեն առավել հետաքրքիր քննարկումներ, քանի որ այստեղ խոսում է նաև նրանց` հասարակական պահանջ ունենալու փաստը»,-ասում է նա:
Այստեղ մնում է միայն լռել և սպասել՝ արդյոք կլինի այն, ինչ ակնակալվում է, և արդյոք այդ երկխոսությունը իր հետ կբերի նորություններ: