Խորհրդային սատանայի ճիրաններից ազատվել է պետք

8

1920թ նոյեմբերի 29-ին Հայաստանում ստեղծվեց Հեղափոխական կոմիտեն (հեղկոմ) և հռչակվեց խորհրդային իշխանությունը: Հաջորդ օրը, նոյեմբերի 30-ին, հռչակվեց Հայաստանի սոցիալիստական խորհրդային հանրապետությունը (ՀՍԽՀ): Սահմանադրությունը, որը 1922թ-ի փետրվարի 2-ին ընդունեցին Հայաստանի նոր իշխանությունները, հաստատեց ՀՍԽՀ պետական դրոշի նկարագրությունը:

Հենց այս օրվանից էլ սկսվեց հայ մարդու և հայկական լեռնաշխարհի աղավաղումն ու ապականումը: Խորհրդային տարիներին էլ, որ խեղվեց մեր ողջ պատմությունը, լեզուն, մշակույթը: Մարդիկ բթացման մի ամբողջ 90-ամյակ ապրեցին: Կոռուպցիան, թաղային հեղինակություններն ու ակնհայտ թալանն ու կործանումը սկսվեց հենց այդ տարիներին: Այսօր նոյեմբերի 29-ն է, և ասես դեռևս ապրում ենք նույն Խորհրդային Հայաստանում, գրեթե ոչինչ չի փոխվել: Համակարգն աշխատում է նույն կերպ, ղեկավարվում է նույն տեղից, ղեկավարում են այն նույն համակարգից դուրս եկածները: Խորհրդային KGB-ն, Գերագույն Խորհուրդն ու Ռայկոմի քարտուղարներն են այսօր մեզ ղեկավարում: Միայն խորհրդային բառն է դարձել պատմություն: Եվ ցավալին այն է, որ մարդիկ դեռևս նոստալգիայով են հիշում խորհրդային ահ ու վախի տարիները, փակ գրադարաններն ու տակից վաճառվող միսը: Կարծես թե զոմբիացման շրջանից չի հաջողվում դուրս գալ: Մի՞գուցե ժամանակն է ազատվել խորհրդային սատանայի ճիրաններից, ինչի համար դեռևս համակարգային փոփոխություններ են հարկավոր: