ԼՂՀ-ին ուղղված քննադատությունները չհիմնավորված են

4

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարարությունը՝ ԼՂՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման վերաբերյալ Ադրբեջանի կողմից վերջին նախաձեռնությունների և Բաքվի արձագանքի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է.

«2011թ. սեպտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անց կացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հանդիսացել են ժողովրդավարական գործընթացի հերթական հաջող դրսևորումը: Իշխանության մարմինները, որոնք ձևավորվել են, բազմաթիվ միջազգային դիտորդների գնահատման համաձայն, ազատ քվեարկության միջոցով, կոչված են շարունակելու մեր հանրապետությունում ղարաբաղի ժողովրդի ինքնակազմակերպվածության բարձրացման, ինչպես նաև բաց և ժողովրդավարական հասարակության հիմքերի հետագա ամրապնդման մշտական գործընթացը:

ԼՂՀ քաղաքացիները օգտվել են ազատ ընտրության` աշխարհի բոլոր ժողովրդների անօտարելի իրավունքից: Այս համատեքստում մենք դիտարկում ենք ԼՂՀ-ում ժողովրդավարական գործընթացների ցանկացած քննադատություն` չհիմնավորված և միջազգային հարաբերությունների զարգացման ժամանակակից միտումներին չհամապատասխանող:

Բացի դրանից, ԼՂՀ ԱԳՆ-ն տեղին է համարում Ադրբեջանին հիշեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ժողովրդավարական զարգացման և քաղաքացիական հասարակության ամրապնդման իրավունքից զրկելու փորձերի դատապարտվածության մասին և միաժամանակ մտահոգություն է հայտնում հարևան հանրապետությունում նույնատիպ գործընթացների բացակայությամբ:

Նախարարությունը նաև դիմում է միջազգային հանրությանը կառուցողական և հետևողական վերաբերմունք դերսևորել ԼՂՀ-ում բոլոր գործընթացների նկատմամբ, որոնք նպաստում են Հյուսիսային Կովկասում բաց և ժողովրդավարական հասարակության ձևավորմանը»: