Իսրայելն ու ԱՄՆ-ն Ադրբեջանում կենտրոնացնում են իրենց ռազմաօդային ուժերը

9

Regnum գործակալությունը, վկայակոչելով WNWI ռադիոկայանին, գրում է, որ Ադրբեջանում նկատվում է ամերիկյան ու իսրայելական ռազմական կոնտինգենտի կենտրոնացում:

Ռադոկայանի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու Իսրայելն Ադրբեջանում հիմնել են էլեկտրոնային դիտարկման բազա՝ հետևելու Իրանում ընթացող իրադարձություններին:

Ամերիկյան WNWI ռադիոկայանի տարածած հայտարարության մեջ շեշտվում է նաև, որ Իրանի վրա ռազմական հարձակման դեպքում Իսրայելն օգտագործելու է Ադրբեջանի ու Վրաստանի տարածքը, ինչն էլ առիթ է դարձել, որ ԱՄՆ-ն այդ երկրները ներառի իր զորավարժություններում:

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հայտարարությունը, որ 2014 թվականին հավանաբար վրաց-ամերիկյան Agile Spirit զորավարժություններում կներառվեն նաև Թուրքիան ու Ադրբեջանը, պատճառ է դարձել նման եզրահանգման:

Ռադիոկայանի պնդմամբ՝ ներկայումս Ադրբեջանում նկատվում է ամերիկյան ու իսրայելական ռազմական կոնտինգենտի կենտրոնացում: Սակայն ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Թել Ավիվը երբեք չեն խոստովանում, որ իրենց զորքերը կենտրոնացվել են Իրանի սահմանի մոտ:

Հաղորդագրությունում ասվում է, որ Իսրայելն արդեն իսկ Ադրբեջանում կուտակել է էական պոտենցիալ՝ իր ռազմաօդային ուժերի համար: