«Ժառանգություն»-ը Տեր-Պետրոսյանին միասնական թեկնածուի դերում չի տեսնում

7

«Ժառանգություն» կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններում կունենա իր թեկնածուն և այդ մարդը միանշանակ կլինի կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, , հավաստիացրեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Փոստանջյանը բացառեց միասնական թեկնածուի հարցը` շեշտելով. «Նախագահի միասնական թեկնածուի գաղափարին մենք լավ ենք վերաբերվում, բայց այդ դերում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին չենք տեսնում: Բացառում ենք նաև գործող և երկրորդ նախագահների առաջադրումը, ովքեր այս տարիների ընթացքում խանգարել են պետության կայացման գործին: Մի խոսքով` Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան եռանկյունը նախագահական ընտրություններին բացառում ենք»: Վերջինս հայտարարեց, որ դեռևս նախագահի թեկնածուի հարցի քննարկման փուլ չեն հասել, բայց «դա կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը»` հույս հայտնելով, որ հենց նա կլինի ընդդիմության միասնական թեկնածուն: