Թուրքիան պետք է չշարունակի սատարել Ադրբեջանի «ամեն ինչ կամ ոչինչ» դիրքորոշումը. Քոչարյան

30

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ի պատասխան Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլի այն հայտարարության, որ Թուրքիան ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները անցկացվեն Ստամբուլում Հայաստանի և Ադրբեջանի միջև, նշել է. «Եթե Թուրքիայի արտաքին գործերի նախարարը իրապես ցանկանում է նպաստել հակամարտության կարգավորմանը, ապա Թուրքիան չպետք է փորձի խեղաթյուրել ղարաբաղյան խնդրի էությունը, այն է` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը, որին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունները դիմեցին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ էթնիկ զտումների քաղաքականության և ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ագրեսիայի իրականացման: Խնդրի կարգավորման համար արդյունավետ կլիներ, եթե Թուրքիան կարողանար դրդել Ադրբեջանին բանակցել հակամարտության իրական կողմի` Լեռնային Ղարաբաղի հետ: Թուրքիան առնվազն պետք է չշարունակի սատարել Ադրբեջանի «ամեն ինչ կամ ոչինչ» դիրքորոշումը և բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներից դուրս բերելու փորձերը, որոնք ուղղված են միջնորդների ջանքերը տապալելուն»: