«Թանգարանային գիշեր»-ը մեկնարկում է

13

Այսօր երեկոյան ժամը 6-ից մինչև կեսգիշեր Հայաստանի շուրջ վաթսուն թանգարանների դռները բաց կլինեն այցելուների առջև. մեկնարկում է «Թանգարանային գիշեր»-ը: Թանգարանների մուտքն ազատ է, տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:

Հայաստանից բացի, «Թանգարանային գիշեր» ծրագիրն իրականացվում է նաև Եվրոպայի ավելի քան 40 երկրներում և նվիրված է թանգարանների միջազգային օրվան։ Առաջին անգամ այս ակցիան անց է կացվել 1999թ. Ֆրանսիայում` մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, իսկ արդեն 2001թ.-ին դրան մասնակցում էր ավելի քան 39 երկիր:

«Թանգարանը և հիշողությունը» խորագրի ներքո ընթացող այս տարվա «Թանգարանային գիշեր» ակցիան մեր երկրում կանցկացվի «Գրավոր հիշողություն» կարգախոսի ներքո` նվիրելով այն գրավոր ժառանգությանն ու Հայ գրատպության 500-ամյակին: Այդ օրը նախագծի մասնակից թանգարանները հանդես կգան հատուկ տոնական միջոցառումներով ու միաժամանակյա աշխատաժամով` նորովի ներկայացնելով իրենց հավաքածուների բացառիկ արժեքները:
«Թանգարանների գիշեր» նախագիծն անցկացվում է Թանգարանների միջազգային օրվան` մայիսի 18-ին նախորդող շաբաթ օրը` միավորելով այս 2 տոները:

Նախարարությունից միջոցառման մասնակիցներին տեղեկացնում են, որ ծրագրի ընթացքում իրականացվելու է ակցիա. Առաջին թանգարան մուտք գործելիս պետք է վերցնե կնքված բացիկը, յուրաքանչյուր հաջորդ թանգարան այցելելիս մուտքի մոտ պետք է դիմել թանգարանի աշխատակցին, որպեսզի կնքի Ձեր բացիկի երկու հատվածները և «Թանգարանային գիշեր» ծրագրի ընթացքում Ձեր այցելած վերջին թանգարանում պետք է լրացնել բացիկը և դրա մեկ հատվածը գցել մուտքի մոտ տեղակայված համապատասխան արկղը:

«Թանգարանային գիշեր» ակցիային մասնակից թանգարանների ցանկին ծանոթացեք այստեղ: