Երուսաղեմի հայերի ապագան անորոշ է

34

Մայիսի 11-ին Associated Press-ը անդրադարձել է Երուսաղեմում բնակվող հայերի խնդիրներին: Երուսաղեմի չորս թաղամասերից մեկի տերերը, որպես առաջնորդ ունենալով 94-ամյա հիվանդ պատրիարք, հայտնվել են հրեաների եւ մուսուլմանների միջեւ, Միջին Արեւելքում, որը աստիճանաբար դատարկվում է քրիստոնյաներից:

Հոդվածում պատմվում է, որ թուրքերի իրականացրած ցեղասպանությունից հետո հայ գաղթականներ են եկել այստեղ, եւ 1948 թ. հայերի թիվն այստեղ կազմել է 25 000: Այժմ մնացել է ընդամենը մոտ հազար հայ, ովքեր պատկանելության խորը զգացումից եւ իրենց ապագան այլ տեղ չտեսնելու արդյունքում չեն լքում հինավուրց քաղաքը:

Հայկական թաղամասի երկաթե դուռը տանում է դեպի վանական համալիր, որը գոյություն ունի մեր թվականության 5-րդ դարից: Համալիրում գործում է գրադարան, առողջական կենտրոն, երկու հասարակական ակումբ, եւ դպրոց, որն այժմ ընդամենը վեց-յոթ աշակերտ ունի:

Վանքում է գտնվում հայկական հին ձեռագրերի աշխարհի երկրորդ խոշոր հավաքածուն: Ընդհանուր առմամբ, 4000 ձեռագիր է պահվում մի մատուռում, որի դռները տարեկան մեկ անգամ են բացվում: Այնտեղ է պահվում ոսկեզօծ աստվածաշունչը, որը պատկանել է հայ թագուհիներից մեկին: Այստեղ է պահվում նաեւ Հեթում արքայի սաթե գավազանը, որը տարվա մեջ մեկ անգամ է ցուցադրվում, ամեն հունվար ամսին մի քանի րոպեով:

1948 թ. քաղաքը բաժանվելուց հետո հայերը աստիճանաբար լքել են Երուսաղեմը, եւ 1967-ին Իսրայելի կողմից քաղաքը գրավելուց հետո մնացել էր ընդամենը 3,000 հայ: Հայերին բնակվելու իրավունք են տվել, ոմանք դիմել են քաղաքացիության համար: Թեեւ համայնքը փորձել է չեզոք դիրք գրավել, սակայն հարաբերությունները թե իսրայելցիների, թե պաղեստինցիների հետ միշտ էլ լարված են եղել:

Առհասարակ, Միջին Արեւելքի քրիստոնյաները աստիճանաբար տեղափոխվում են արեւմուտք, փախչելով աղքատությունից, կրոնական անհանդուրժողականությունից եւ բռնություններից: Օրինակ այս շաբաթ Կահիրեում հակաքրիստոնական բունտի արդյունքում զոհվել է 12 մարդ:
Աղբյուրը` Lragir.am