Եվրախորհրդարանի 6 կուսակցություններ նախագծեր են ներկայացրել Սաֆարովի արտահանձնման գործով

8

Եվրախորհրդարանի մաս կազմող կուսակցությունների 6 խմբեր բանաձևերի նախագծեր են ներկայացրել` Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան արտահանձնած ոճրագործ Ռամիլ Սաֆարովի ներման ու ազատ արձակման որոշման հետ կապված: Բանաձևերի քննարկումն ու քվերակությունը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, Եվրախորհրդարանի լիագումար նիստի վերջին օրը և դիտարկվելու է հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի թեմատիկ քննարկման շրջանակներում:

Եվրախորհրդարանի Պահպանողական և ռեֆորմիստական խմբի ներկայացրած բանաձևում առաջարկված 6 կետերից 5-ում ուղղակիորեն մտահոգություն է արտահայտվում ադրբեջանական իշխանությունների՝ Սաֆարովի վերաբերյալ ձեռնարկած քայլերի առնչությամբ, մասնավորապես, նրան ներում շնորհելու օրինականության, Ադրբեջանի արդարադատության ողջ համակարգի բարեփոխման անհրաժեշտության, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների իրագործման և այլ հարցերի շուրջ: Կետերից մեկով առաջարկվում է ԵՄ-Ադրբեջան Ասոցացման համաձայնագրում ներառել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի դիտարկման առավել լայն սպեկտր:

Սոցիալ-դեմոկրատական խմբի ներկայացրած բանաձևի նախագծում նախ դատապարտվում է Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու Իլհամ Ալիևի որոշումը, այնուհետև մարդասպանի հերոսացումն ու փառաբանումը: Անհանգտություն է արտահայտվում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ բանակցություններին հասված վնասի կապակցությամբ ևս: Ադրբեջանական իշխանություններին նաև կոչ է արվում վերանայել ներման որոշումը՝ արդարության, մարդու իրավունքների և օրինականության մասին միջազգային, այդ թվում Եվրամիության չափանիշների ու ոգուն համարձայն:

Եվրախորհրդարանում ամենամեծ ներկայացված Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի բանաձևի նախագծում նշվում է, թե Իլհամ Ալիևի՝ Սաֆարովին ներում շնորհելու որոշումը ավելի է սրում կողմերի միջև առկա լարվածությունն ու մեծացնում ԼՂ չլուծված հակամարտությամբ պայմանավորված անարդարության զգացումը:
ԵԺԿ-ն անհանգստացած է Սաֆարովի ներման ու հրապարակավ փառաբանման գործողությունների՝ ապագա սերունդների վրա հնարավոր ազդեցության առնչությամբ: Կողմերին կոչ է արվում զսպվածություն ցուցաբերել, իսկ հայկական կողմին, խոհուրդ է տրվում զերծ մնած ծայրահեղ հուզական արձագանքներից, որոնք երկրաժամկետ հեռանկարում առավել կբարդացնեն խնդրի կարգավորման հնարավորությունները:

Լիբերալ-դեմոկրատների խումբը Սաֆարովին ներում շնորհելու որոշումը դիտարկվում է որպես Դատապարտվածների փոխանցման Ստրասբուրգի Կոնվենցիայի հումանիստական նպատակներին հակասող քայլ, ինչը խարխլում է հունգարական կառավարությանը տրված հավաստիացումների արժանահավատությունը, ադրբեջանական իշխանությունների կողմից տրված երաշխիքներ մասով, համաձայն որոնց Սաֆարովը պետք է շարունակեր պատժի կրումը հայրենիքում:

Եվրոպական Միացյալ ձախերի և Կանաչների խմբերի ներկայացրած բանաձևերում ևս դատապարտվում է մարդասպանի ներման ու ազատ արձակման որոշումը և կոչ է արվում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին շարունակել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված բանակցային գործընթացը:

Ներկայացված 6 նախագծերն էլ կողմերին հորդորում են ջանքեր գործադրել տարաշածրջանում առաջացած լարվածությունը թուլացնելու նպատակով: