«Եղնիկներ»-ում զինվորի աչք հանած ենթասպայի պատիժը խստացվել է

14

«Եղնիկներ» զորամասում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ առ այն, որ ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանը կորցրել էր իր աչքը, նախաքննությունը դեռ չի ավարտվել, իսկ ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանին արդեն զորացրել են:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը նշում է, որ դեռ այն ժամանակ ենթասպա Արմեն Թովմասյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասի հատիկանիշներով, այն է՝ «Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածության կամ խմբակային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել», սակայն դատաբժշկական փորձաքննության արդյունքները ստանալուց հետո՝ նախօրեին, մեղադրանքը լրացվել է Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ»:

Հիշեցնենք, որ շարքային Նարեկ Ավետիսյանը աչքից զրկվել էր, քանի որ զորամասի ճաշարանի պետ ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանը իր կողմից տրված հանձնարարությունը կատարելուց հրաժարվելու պատճառով զորամասի ճաշարանում մեկ անգամ ձեռքով և մեկ անգամ էլ իր ձեռքին եղած երկաթյա շղթայով հարվածել էր զինծառայողի դեմքի շրջանին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք: