ԵԱՀԿ համանախագահների հայտարարությունը տարածաշրջանային այցից հետո

4

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ: ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում զետեղված հայտարարության մեջ մասնավորապես, ասված է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ջանքերի շրջանակներում նոյեմբերի 19-ից 26-ը այցելել են տարածաշրջան:
Երևանում համանախագահները նոյեմբերի 23-ին հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, Բաքվում նոյեմբերի 26-ին՝ նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նոյեմբերի 21-22-ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների հետ:
Նոյեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղ կատարած այցի շրջանակներում համանախագահները այցելել են Զանգիլանի և Ջաբրայիլի շրջաններ՝ 2010 թ-ի հոկտեմբերին իրենց վերջին այցելությունից հետո տեղում իրավիճակը գնահատելու նպատակով:

Համանախագահները նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ անդրադարձել են օգոստոս և սեպտեմբեր ամիսներին ԱԳ նախարարներ Նալբանդյանի և Մամեդյարովի հետ կայացած իրենց առանձին հանդիպումների արդյունքներին և քննարկել խաղաղ գործընթացի շարունակությանն ուղղված առաջարկները, որոնք ներկայացվել էին հոկտեմբերի 27-ին նախարարների հետ համատեղ հանդիպման ընթացքում: Կողմերը համաձայնել են շարունակել հետագա աշխատանքները ԱԳ նախարարների մակարդակով:

Համանախագաները երախտագիտություն են հայտնում դեսպան Կասպրշիկին ու նրա թիմին այս բարդ ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի դիտարկման աշխատանքներն իրականացնելու, ինչպես նաև տարածաշրջան, մասնավորապես, Զանգիլան և Ջաբրայիլ կատարած այցերի կազմակերպման համար»: