ԵԱՀԿ «բարև-ցտեսություն» օպերացիան դեռ երկար կշարունակվի

5

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 28-ին իրենց հերթական դիտարկումն անցկացրին ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծում: Այն անցավ առանց միջադեպերի»,-այս ձևակերպումը արդեն դարձել է սովորական, մանավանդ, վերջին շրջանում: Այլ կերպ ասած` Արցախյան համակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներն ու համանախագահները Հայաստանն ու Ադրբեջանը դարձրել են, ինչպես ասում են, ջրի ճամփա: Ինչը տարակուսանքի առիթ է. ո՞րն է նրանց այդքան հաճախակի դարձած այցերի բուն նպատակը, եթե դրանք իրականում ոչ մի արդյունք չունեն:

Իրականցվում է մոնիտորինգ, որն ավելի ճիշտ է ասել` մոնիտորինգի նման մի բան, նրանց զեկուցում են որոշակի ժամանակահատվածի կտրվածքով հարդադարի խախտումները, հետո ՊՆ աշխատակիցների և մի քանի լրագրողների ուղեկցությամբ սահմանային կետում իրականացվում է «բարև-ցտեսություն» հայտնի օպերացիան: Եվ այդքանը: Հետևելով Մինսկի խմբի աշխատանքային գործունեությանը` տպավորություն է ստեղծվում, թե նրանք ընդամենը ցանկանում են բարձր երևալ միջազգային հանրության աչքին: Եվ հետաքրիր է` մինչև երբ է այս խաղը շարուանկվելու, որն ամենևին էլ մեզ համար շահավետ չէ: Բոլորս էլ գիտենք, որ ԵԱՀԿ համանախագահող երկրները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ուղղորդվում են Մադրիդյան սկզբունքներով, որոնց բովանդակությունը խիստ հակասական է մեր երկրի համար: Ասենք Մադրիդյան սկզբունքների մի քանի կետերը նշենք, որը հրապարակվել է հենց ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում` Հակամարտությունը լուծելու փորձերը ԵԱՀԿ Մինսկի խումբը Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահությամբ փորձում է տևական լուծում գտնել հարցին` Մադրիդյան սկզբունքների շրջանակներում`
1. Լեռնային Ղարաբաղին շրջապատող տարածքները վերադարձնել Ադրբեջանի վերահսկողության տակ
2. Վճռելով Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը
3.Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքը
4. Բոլոր փախստականներին և բռնի տեղահանվածներին իրավունք տալ վերադառնալ իրենց բնակության վայրերը:

Եվ ինչ: Ինչու են մեր իշխանությունները շարունակում այս խաղը, որն իրականում հակամարտության լուծում չէ, այլ տապալում:
Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն զլանում լավատեսական հայտարարություններ անելուց, բայց դա դեռ նորմալ է, եթե հաշվի առնենք, որ ԵԱՀԿ-ն շատ ժամանակ ու բազմաթիվ դեպքերում թաքցնում է իրականությունը բոլորից, կամ գոնե հայ հասարակությունից: Պարզ օրինակ, վերջերս իրականցրած հրադադարի ռեժիմը անդադար խախտվում էր Ադրբեջանի կողմից: Միջազգային հանրությունը տեղյակ էր, որ դրանք Ադրբեջանի բարձր ղեկավարության հրահանգն էր: Սակայն ԵԱՀԿ համանախագահները ոչ մի լուրջ քայլ չձեռնարկեցին: Միայն հայտարարեցին, որ հրադադարի ռեժիմը չպետք է խախտել և հարկավոր է զերծ մնալ պատասխան գործողություններից, մի բան, որը պարզ երևում է` ձեռնտու է միայն Ադրբեջանին: Եվ այդքանով փաստորեն գործն ավարտվեց: Ու ստացվում է, որ եթե միջազգային այդ կառույցը, որն ի սկզբանե կոչված էր իրականցնել անվտանգության հարցեր, և ապահովել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը, որդեգրել է մի քաղաքականություն, որը շրջված է միայն մի կողմի վրա` Ադրբեջանի: Ու ինչ է մնում անել հայկական կողմին. հույսը դնե՞լ միջազգային այս կառույցի վրա: Ինչպես ասում են, հավանաբար այլ ելք չկա էլ, քանի որ այս քաղաքակիրթ մեթոդը պարտադրվում է Հայստանին և ոչ միայն: Ուստի` մինչև ո՞ւր կհասնի Մինսկի խմբի դիտարկումները, և ի՞նչ վախճան կունենա, բարև-ցտեսություն օպերացիան որքա՞ն կշարունակվի, և արտաքին ուժերը մինչև ե՞րբ կհանդուրժեն, մնում է միայն սպասել …