Դու դեռ պատասխան ես տալու

7

ԵԽԽՎ լիագումար նիստի առաջին օրը ելույթ է ունեցել ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուին մեղադրել է կամայականության եւ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:

«Այս էլ որերորդ անգամ ԵԽԽՎ նախագահը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը եւ ցուցաբերելով բացարձակ կամայականություն, խոչընդոտում է իմ` որպես հայկական պատվիրակության անդամ գործունեությանը ԵԽԽՎ-ում: Հղում անելով կանոնակարգի ինչ-որ դրույթի` Չավուշօղլուն ինձ ուղղակիորեն զրկում է խոսքի իրավունքից: Սա այլ կերպ, քան ԵԽԽՎ նախագահի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահում եւ կամայականություն հնարավոր չէ համարել: Եւ ես հրավիրում եմ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի, ինչպես նաեւ ԵԽԽՎ պատգամավորների ուշադրությունը Չավուշօղլուի կողմից հետեւողականորեն իրականացվող կամայականության նկատմամբ»,- ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է Զոհրաբյանը:

Իսկ նիստը նախագահող Մեւլութ Չավուշօղլուն ի պատասխան նշել է, որ ինքը գործում է ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն:

Հավելենք, որ համաձայն այդ կանոնակարգի, եթե անգամ ԵԽԽՎ որեւէ պատգամավոր հերթագրվածների ցուցակում առաջինն է, ԵԽԽՎ նախագահը կարող է նրան ընդհանրապես ելույթի հնարավորություն չտալ, ինչը Զոհրաբյանի դեպքում պարբերաբար անում է Չավուշօղլուն: Սակայն Զոհրաբյանը ելույթով չի բավարարվել և նիստից հետո մոտեցել է Չավուշօղլուին եւ ասել, որ նա դեռ պատասխան է տալու պաշտոնական իր դիրքը չարաշահելու եւ խայտառակ կամայականությունների համար: