Դիտարկումն իրականացվել է

14

Նոյեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը /Հունգարիա/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Մարիուս Պուոձիունասը /Լիտվա/:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկման առաքելությունը ղեկավարում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Դիտարկման խմբում էին ԳՆԱՆ դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորը /Մեծ Բրիտանիա/ և Անթալ Հերդիչը /Հունգարիա/:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: