Գարեգին Բ-ն մեկնել է Սանկտ-Պետերբուրգ

14

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբի ուղեկցությամբ մեկնել է Սանկտ-Պետերբուրգ` մասնակցելու հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումներին:

Օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորել են Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը (ով կաթողիկոսի եղբայրն է-խմբ) և հայ համայնքի ներկայացուցիչները:

Հովվապետական այցը սկսվել է Ս. Կատարինե հայկական եկեղեցի այցելությամբ, ուր Ամենայն Հայոց Հայրապետին սպասում էին հարյուրավոր հայորդիներ:

Ըստ Մայր Աթոռի մամլո հաղորդագրության` Նորին Սրբությունը իր գնահատանքն է հայտնել Եզրաս Սրբազանին, «ում առաջնորդությամբ ու անմիջական ջանքերով սկիզբ առավ ազգային-հոգևոր կյանքի վերակազմակերպումը Պետերբուրգում»:

Վեհափառ Հայրապետն այս առիթով շնորհակալություն է հայտնել նաև տեղական իշխանություններին, որոնց հոգատար վերաբերմունքի շնորհիվ հնարավոր դարձան վերջին քսան տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումները:
Այնուհետև Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորել է ժողովրդին աջակից լինել հոգևոր հայրերին, նախանձախնդրությամբ իրականացնել թեմի առաջնորդության, թեմական և ծխական խորհուրդների կողմից մշակվող բոլոր այն բարի և գեղեցիկ ծրագրերը:

Ավելի ուշ Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվել ՙՀայ-ռուսական հոգևոր կապեր՚ խորագրով հայկական գրքերի ցուցահանդեսի բացումը:
Կաթողիկոսն այցելել է գրադարանի հին ձեռագրերի բաժին, ծանոթացել այնտեղ պահվող հայկական ձեռագրերին: