Բրայզան ԱՄՆ վերադարձավ Օբամայի սայթաքումների հետևանքով

16

«Կալիֆորնիա Կուրիեր»-ի խմբագիր Հարութ Սասունյանը Մեթյու Բրայզայի ԱՄՆ վերադառնալու առընչությամբ հոդված է տպագրել, որում մասնավորապես ասվում է, որ Օբամայի կառավարության` իրար հաջորդող քաղաքական սայթաքումների հետևանքով Մեթյու Բրայզան ստիպված եղավ նախորդ շաբաթ լքել Ադրբեջանում դեսպանի իր պաշտոնը:

Նախագահ Օբաման անտեսում էր 2010թ-ի մայիսին իր կողմից առաջադրված Ադրբեջանում դեսպանի թեկնածուի լուրջ թերությունների մասին բազմաթիվ զգուշացումները: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները Բրայզային մեղադրում էին ադրբեջանամետ դիրքորոշում և ադրբեջանցի պաշտոնյաների հետ կասկածելի կապեր ունենալու մեջ:

Սասունյանը գրում է, որ սենատորներին անհանգստացնում էին այն լուրերը, ըստ որոնց որոշ օտարերկրյա պաշտոնյաներ շռայլ նվերներ էին տվել Բրայզային Ստամբուլում տեղի ունեցած իր հարսանիքին:

Երբ Նախագահ Օբաման այս մտահոգությունները լուրջ չընդունեց, սենատորներ Բարբարա Բոքսերին (դեմոկրատ, Կալիֆորնիա) և Ռոբերտ Մենենդեսին (դեմոկրատ, Նյու Ջերսի) այլ ելք չմնաց, քան Բրայզայի թեկնածությունն առկախելը: Դրանով նրանք խոչընդոտեցին նրա թեկնածության հաստատմանը:

Այնուհետև Օբաման խորացրեց իր սխալը` 2010 թվականի վերջում Բրայզային առանց Սենատի թույլտվության Ադրբեջանում դեսպան նշանակելով: Նախագահն ուշադրություն չէր դարձնում այն հնարավոր վնասին, որը կարող էր հասցվել իր իսկ հեղինակությանը, Միացյալ Նահանգների վարկին և ԱՄՆ-ադրբեջանական հարաբերություններին, եթե Սենատը չհաստատեր Բրայզայի թեկնածությունը նշանակման տարվա ընթացքում, ստիպելով նրան լքել պաշտոնը և վերադառնալ Վաշինգթոն:

Օբամայի կառավարության պաշտոնյաներն սկսեցին ճնշում գործադրել սենատորներ Բոքսերի և Մենենդեսի վրա, որպեսզի հաստատեն Բրայզայի թեկնածությունը և թույլ տան նրան շարունակել իր ծառայությունն Ադրբեջանում:

Սենատորների վրա ճնշում էին գործադրում նաև Ադրբեջանի կառավարությունը և դրա հզոր լոբբիստական կազմակերպությունները, որոնք սկսեցին աշխուժորեն աշխատել, որպեսզի արդարացնեն իրենց վրա ծախսվող ահռելի գումարները: Հատուկ կապերի շնորհիվ նրանց հաջողվեց հասնել նրան, որ «Ուոլ Սթրիթ Ջորնալ»-ը և «Վաշինգթոն Փոսթ»-ը խմբագրականներ տպագրեն ընդդեմ սենատորների և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, որը գլխավորում էր համապատասխան որակավորում չունեցող այս դեսպանի դեմ քարոզարշավը:

«Վաշինգթոն Փոսթ»-ն ավելի վիրավորական էր արտահայտվել: Թերթի խմբագրականը կարող է բնորոշվել որպես բացահայտորեն ռասիստական և հակահայկական հոդված:

«Վաշինգթոն Փոսթ»-ն ավարտել էր իր ամոթալի խմբագրականը` «նավթից զուրկ» և «մեկուսացված» Հայաստանին մեղադրելով Բրայզայի հարցում պարտվող կողմը լինելու մեջ: Հանդգնում ենք չհամաձայնել: Սա Ամերիկայի խնդիրն է, և Հայաստանը դրանում ոչ մի դեր չունի: Իրականում պարտվողները նրանք են, ովքեր երկար և տքնաջան լոբբիստական գործունեություն են ծավալել համապատասխան որակավորում չունեցող այնպիսի դեսպանի թեկնածության հաստատման համար, ով մտադրված էր ավելի շատ ծառայելու Վաշինգթոնում Բաքվի, քան Ադրբեջանում Ամերիկայի շահերին: