Բողոքի երթ՝ Չինարի գյուղի դեպքերի կապակցությամբ

11

Հունիսի 7-ին՝ հինգշաբթի օրը, տեղի կունենա բողոքի երթ՝ վերջին օրերին Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Երթի մասնակիցները նամակներ կհանձնեն ՀՀ Նախագահին, արտաքին գործերի նախարարին: Երթին մասնակցելու են նաև ազատամարտիկներ: Սպասվելիք երթի նպատակների, ակնկալիքների և պահանջների մասին Ազատ Ձայն լրատվականը խոսեց Հայազն Միության Կենտրոնական Մարմնի ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանի հետ:

Ի՞նչ նպատակ ունի երթը և որո՞նք են ակնկալիքները:

Երթի նպատակը նամակները հանձնելն է: Ակնկալիքները մեր բոլոր առաջարկների կյանքի կոչումն է: Մենք առաջարկում ենք նախ անհապաղ վերանայել և փոփոխության ենթարկել մեր պատասխան գործողությունները, քանի որ իրական համարժեք պատասխանը պետք է էապես ավելի մեծ լինի և ներառի ժողովրդագրական համամասնության, ինչպես նաև պատժիչ և կանխարգելիչ նշանակություն հաղորդող գործակիցները: Պահանջում ենք առանց վաղեմության սահմանափակման պատասխան տալ մինչ օրս ադրբեջանական ուժերի կողմից սանձարձակված գործողություններից տուժած ամեն Հայի համար:

Ո՞րն է ձեր առաջարկը ադրբեջանական կողմի նմանատիպ խախտումները և դիվերսիոն գործողությունները դադարեցնելու համար, և ի՞նչ պատասխան հակահարված մենք պետք է տանք թշնամուն:

Մենք պահանջում ենք մինչև վերջին տարիների բոլոր կորուստներին համարժեք պատասխան տալու գործողությունների ավարտը, դադարեցնել ամեն տեսակի ուղղակի, անուղղակի և միջնորդավորված դիվանագիտական շփումները թշնամի պետության և նրա հովանավորների հետ: Սակայն, ըստ մեզ, այս ամենը չէր լինի, եթե մեր իշխանավորները անզիջում դիրք բռնած լինեին այս տարիներին, ու հաստատակամ հայտարարեին Արցախից մեկ մետրի հանձնմանն անգամ դեմ լինելու մասին: Այդ իսկ պատճառով մեր պահանջներից մեկն էլ հայտարարությունն է, որով ՀՀ իշխանությունները կպարտավորվեն հայտարարել՝ ոչ մի զիջման մասին:

Նաև առաջ եք քաշում Ղարաբաղյան հակամարտության լուծման ձեր տարբերակը, ո՞րն է դա:

Արցախի հարցի լուծման շուրջ մեր պատկերացումները ավելի քան հստակ ու ավելի քան իրատեսական են: Մենք պահանջում ենք ապամիջազգայնացնել Արցախյան հիմնախնդիրը և ձեռնամուխ լինել բացառապես սեփական ուժերով դրա վերջնական լուծմանը, որը ենթադրում է ազատագրված տարածքների ահռելի թափով վերաբնակեցում`
1. Հայաստանի Հանրապետության Արցախաբնակ քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնում,այն է՝ ընտրելու, ընտրվելու իրավունքի վերականգնում,Արցախի՝ ՀՀ անքակտելի մասի հայտարարում ու ամրագրում:
2. Մենք նաև կոչ ենք անում իշխանություններին հայտարարել այն գինը, որն Ադրբեջանը ստիպված կլինի վճարել լայնածավալ մարտական գործողությունները վերսկսելու և պարտվելու դեպքում՝ դրա մեջ հստակորեն ներառելով առնվազն Գարդմանքի և Նախիջևանի ազատագրումը:

Հիշեցնենք, որ երթը կսկսվի ժամը 11:00-ին Օպերայի մոտից (Արամ Խաչատրյանի արձան):