ԲՀԿ-ի ցուցակում ընդգրկված 165-րդ պատգամավորն էլ շանսեր ունի

11

Թեև ենթադրվում էր, որ ընտրական ցուցակները կազմելուն պես, կվերջանան նաև տարբեր կուսակցությունների ներսում առկա խժդժությունները, բայց փաստորեն, ոչ միայն այդպես չեղավ, այլև ավելի սրվեց: Ազատ Ձայն լրատվականին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ հենց այդպես եղել է ԲՀԿ-ի պարագայում: Աչքի տակն անցկացնելով ԲՀԿ ցուցակը` կարելի է գալ այն եզրահանգման, որ այնտեղ պետք է, որ բողոքը, կռիվն ու վիրավորանքն անպակաս լինեին` որոշ դեպքերում էլ տեղին: Այնտեղ հայտնվել են անուններ, որոնց ոչ ոք չի ճանաչում: Եվ միամտություն կլինի հավատալը, որ նրանք ուզում են իրականացնել առողջ սերնդափոխություն (թեև հնարավոր է կիսով չափ այդպես էլ լինի), բայց չի բացառվում, որ շատերը գուցե Ծառուկյանին մատուցել են արջի ծառայություն, չի բացառվում նաև, որ պատգամավոր ցանկացողները հին պատգամավորների ոտքի տակն են փորել` հայավարի, ինչպես ասում են: Ոչ միայն դա, այլև հայավարի է եղել փաստորեն ԲՀկ-ում ընտրությունների մոտեցումը: ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ կուսակցության «գլխավորները» ցուցակում ընդգրկվածներին ասել են, թե ցուցակի հերթականությունը էական չէ, «էական է` ով ոնց կաշխատի ու ինչ ցուցանիշ կունենա»: Այլ կերպ ասած` օրինակ` ՀԱԹ 1-ին թաղամասում, եթե լինի լավ ցուցանիշ, ապա այդ տարածքում ճիգ ու ջանք գործարադրած պատգամավորական թեկնածուն կզբաղեցնի փափագած աթոռը, ավելի ճիշտ` բազկաթոռը:
Թեև առաջին հայացքից 165 անուն ներկայացնելը մեղմ ասած` միամտություն էր թվում, ապա հիմա ստացվում է, որ ԲՀԿ ցուցակում բոլորը դեռ շանսեր ունեն: Սա ևս ոգևորվածության և լավ աշխատելու ու «ձայներ բերելու» հնարավորություն է, լայն հնարավորություն: