Արդյունավետ քարոզչության դեպքում ձայնագրության բացասական էֆեկտը կմեղմվի. Քաղաքագետ

43

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը «Ազատ Ձայն» լրատվականի տված հարցերին ի պատասխան շեշտեց, որ Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի խոսակցության գաղտնալսումը ՀԱԿ-ին կվնասի, եթե վերջինս արդյունավետ ծրագիր չմշակի.«Եթե ՀԱԿ-ը մշակի և իրականացնի արդյունավետ քարոզչություն, ապա ձայնագրության բացասական էֆեկտը կմեղմվի: Իսկ եթե ոչ, ապա, հնարավոր է, շատերի համար ՀԱԿ-ի ներքին տարաձայնությունները, հակադրությունները որոշիչ դառնան ՀԱԿ-ի կարողությունների և նրա նկատմամբ վստահությունը գնահատելու հարցում»:

Սակայն քաղաքագետը չի ընդունում գաղտնալսման փաստ, շեշտելով. «Գաղտնալսումն ընդհանրապես ողջունելի չէ, եթե այն չի իրականացվում ազգային անվտանգության պաշտպանության նպատակով ու սանկցավորված չէ համապատասխան ատյանների կողմից»:

Ի դեպ, Նարեկ Գալստյանին ամենևին էլ չի զարմացրել խոսակցության բովանդակությունը. «Առանձնապես նորություն չկար. որոշ մարտավարական խնդիրների հստակեցում էր, զարգացման սցենարների ուղենիշների առանձնացում»:

Իսկ այն հարցին, թե արդյոք այս ձայնագրությունը կօգնի իշխանությանը, թե հակառակը: Գալստյանը շեշտեց. «Կախված է նրանից, թե կոնկրետ ինչը ու ինչ նպատակով է այն օգտագործվելու: Սա կարող է, օրինակ, օգտագործվել ՀԱԿ-ի ներքին խնդիրների, տարակարծությունների նկատմամբ հասարակության ուշադրությունը բևեռելու և, այդկերպ, ՀԱԿ-ի նկատմամբ վստահությունը նվազեցնելու, նպատակով: Չեմ կարծում, որ ինչ-որ այլ նպատակի սա կարող է լավ ծառայել»: